Արցախի նախագահ. «The HALO Trust»-ը կենսական նշանակություն ունի երկրի համար
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 31-ին ընդունել է «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության պատվիրակությանը՝ տարածաշրջանային ծրագրերի ղեկավար Նիկ Սմարթի գլխավորությամբ։
Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրի ղեկավարը շնորհավորել է «The HALO Trust» արցախյան ծրագրի նորանշանակ ղեկավար Մայլզ Հոթորնին նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով Արցախում կազմակերպության կողմից կարևորագույն առաքելության իրականացման գործում:
Հանրապետության նախագահի խոսքով՝ կառույցի գործունեությունը կենսական նշանակություն ունի Արցախի համար, քանի որ այն գնահատվում է ոչ միայն ականազերծված տարածքների չափով, այլ այն բազմաթիվ խաղաղ բնակիչների փրկված կյանքերով, որոնք ծրագիրը չգործելու պարագայում կարող էին դժբախտ պատահարի զոհ դառնալ:
Նիկ Սմարթը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության և կառույցի ու պետական համապատասխան մարմինների միջև ստեղծված համագործակցության բարձր մակարդակի համար:
Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։