ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվել է միջազգային կրթական ծրագիր
Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունն օրերս նախաձեռնել էր «Համավարակի քաղաքական ազդեցությունը» խորագիրը կրող առցանց ծրագիր:
Կազմակերպությունից տեղեկացնում են, որ այն կազմակերպվել էր ՀՀԿ ԵԿ միջազգային գործընկերներ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և Ռոբերտ Շուման ինստիտուտի հետ համատեղ: Ծրագրին մասնակցել են Արևելյան գործընկերության (EaP) երկրներից (Հայաստան, Վրաստան, Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա) ԵԺԿ (EPP) քույր կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչները:
«Համավարակի ողջ ընթացքում ինչպես Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, այնպես էլ նրա երիտասարդական կազմակերպությունը շարունակել են համագործակցությունը իրենց միջազգային գործընկերների հետ: Այս ամիսների ընթացքում մենք անցկացրել ենք բազմաթիվ կրթական ծրագրեր մեր գործընկերներ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և Ռոբերտ Շուման ինստիտուտի հետ, սակայն այս ծրագիրը առաձնանում էր, քանի որ նրան մասնակցում էին երիտասարդներ ԵԺԿ-ի հետ աֆիլացված մի շարք քաղաքական կուսակցությունների երիտասարդական կառույցներից: Հպարտ ենք, որ ՀՀԿ ԵԿ արտաքին կապերի հանձնաժողովը ունակ է իր նախաձեռնությամբ կազմակերպել նմանօրինակ դասընթաց: Սա ևս մեկ անգամ փաստում է ՀՀԿ ԵԿ արտաքին կապերի հանձնաժողովի բարձր մակարդակի համագործակցությունը միջազգային կառույցների հետ»,-նշել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Ծրագրի ընթացքում Արևելյան գործընկերության երկրների ներկայացուցիչները խոսել են իրենց երկրներում առկա քաղաքական իրադրությունների մասին, իսկ բանախոսները ներկայացրել են համավարակի ընթացքում ազգային կուսակցությունների դիրքերի ամրապնդման գործընթացը և դրան դեմոկրատական կուսակցությունների հակազդման փորձերը, ինչպես նաև քննարկվել են աշխարհաքաղաքական փոփոխությունների ազդեցությունները Արևելյան գործընկերության երկրների վրա:
«Այս ծրագիրը կարևորվում էր նրանով, որ առաջին անգամ ՀՀԿ ԵԿ-ն նախաձեռնել էր դասընթաց Արևելյան գործընկերության պահպանողական աջակենտրոն թևի կուսակցությունների երիտասարդների համար: Առանձնահատուկ ցանկանում եմ նշել ծրագրին հրավիրված բանախոսներին, որոնց թվում էին ԵԺԿ փոխնախագահ Զիգֆրիդ Մուրեշանը և ԵԺԿ արտաքին կապերի քարտուղար Պատրիկ Վոլլերը, ինչպես նաև անցկացվել է պանելային քննարկում համաեվրոպական ճանաչում և ազդեցություն ունեցող երիտասարդական կառույցների ղեկավարներ Լիդիա Պերեիրայի (YEPP), Խավիեր Հուրտադո Միրայի (DEMYC) և Կառլո Անգրիսանոյի (EDS) հետ»,- ասել է ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Լիլիթ Բեգլարյանը: