Կառավարական առանձնատների վերանորոգման չարաշահումների գործը ՀԿԳ գլխավոր վարչությունում է
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվում է քրեական գործ՝ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից։
«Նշեմ, որ մամուլում շրջանառվող ֆինանսական միջոցների չարաշահումների չափը իրականության հետ որևէ աղերս չունի»,-ՔԿ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը։
Կատարվում է նախաքննություն: Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտրամադրվի տեղեկատվություն:
«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել է, որ վարչապետի աշխատակազմի անմիջական հսկողության ներքո գործող «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի կողմից կատարված վերանորոգման աշխատանքներում պետական վերահսկողական ծառայությունը չարաշահումներ է հայտնաբերել։
Այս ՊՈԱԿ-ի հաշվեկշռում են գտնվում կառավարական առանձնատները, որտեղ բնակվում են բարձրաստիճան պաշտոնատար անձինք։
Դեռևս 2019 թվականին մեծ աղմուկ հանեց տեղեկատվությունն առ այն, որ պետական բյուջեից շուրջ 2 միլիոն դոլար է հատկացվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին սպասարկող կառավարական առանձնատան մասնաշենքը հիմնանորոգելու, վերանորոգելու և կահավորելու համար։ Ընդ որում՝ վարչապետի աշխատակազմին գումարը հատկացվել էր կառավարության գաղտնի որոշմամբ, իսկ վերանորոգման շրջանակներում, ըստ տեղեկությունների, միլիոններ են ծախսվել ընդհուպ զուգարանակոնք ձեռք բերելու վրա։
Կատարված վերանորոգումը խնդրահարույց է համարել անգամ պետական վերահսկողության ծառայությունը։
«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՊՎԾ-ն պաշտոնապես հաստատել էր, որ 2019 թվականի աշխատանքներում արձանագրվել են չարաշահումներ։
«ՀՀ պետական վերահսկողության ծառայությունը իրականացրել է մշտադիտարկում «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում։ Մշտադիտարկվել են 2019թ ՊՈԱԿ-ում կատարված աշխատանքները, այդ թվում նաև՝ կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքները։ Հայտնաբերված խախտումների մասին տեղեկանքը ուղարկվել է իրավապահ մարմիններին»,- օգոստոսի 26-ին գրավոր տեղեկացրել էր ՊՎԾ-ն։
Հարակից հրապարակումներ`
- Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. անվտանգության «պատնեշներ», «դռոնների» խլացուցիչներ կառավարական առանձնատների մուտքի մոտ. antifake
- «Հրապարակ». Կառավարական ամառանոցը հիմնանորոգում են, որ Փաշինյանն իր ընտանիքով տեղափոխվի այլ մասնաշենք
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին