ՍԴ-ն վարույթ չի ընդունել օրենքի սահմանադրականության հարցը վիճարկող պատգամավորների դիմումը
Սահմանադրական դատարանը վարույթ չի ընդունել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության և խմբակցությունից առանձնացված՝ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի դիմումները, որով նրանք վիճարկում էին Ազգային ժողովում ընդունած Սահմանադրական փոփոխության օրենքի սահմանադրականության հարցը։
Panorama.am-ի հետ զրույցում Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ ՍԴ-ից էլետրոնային հասցեին ստացել է պատասխան, նշված է, որ ստորագրությունների թիվը՝ 26, չի համապատասխանում ՍԴ դիմելու մասին կարգին։
Հիշեցնենք, որ մինչև ՍԴ դիմել էր քննարվում էր հարցը, տարբեր հաշվարկներ էին նշում՝ 26, թե 27 պատգամավորի ստորագրություն է անհրաժեշտ (131 պատգամավորի 1/3-ը)։
«Արդյո՞ք չեն եղել Ազգային ժողովի որևէ գումարման ժամանակ կազմված նախադեպային արձանագրություններ, որոնք նաև կանոնակարգում են մեկ ամբողջից պակաս թվով ձայների առկայության դեպքում այս կամ այն հաշվարկի կարգ։ Եթե դա կար, ուրեմն անհրաժեշտ է ենթարկվել համապատասխան փաստաթղթին, եթե չկա, անհրաժեշտ է առնվազն որոշում կայացնել դրա վերաբերյալ։ Ես ամիսներ առաջ հարց եմ ուղղել քարտուղարության պետին, պատասխան չեմ ստացել»,- նշեց անկախ պատգամավորը։
Տ.Ուրիխանյանին հետաքրքրում է և ցանկանում է տեղեկանալ, թե ՍԴ ո՞ր կազմն է ուսումնասիրել վարույթ ընդունել- չընդունելու հարցը, ի՞նչ ձևաչափով է վերջապես կայացել այդ նիստը, որի ժամանակ լսվել է հարցը, քննարկվել և քվեարկվել։
Նա հայտնեց, որ սեպտեմբերին կայանալու է «Այլանս» կուսակցության արտահերթ համագումար, քաղաքական հայտարարության մաս կլինի ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին։
«Ոչ իմ, ոչ իմ գործընկերների կողմից չի դիտարկվում Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող խնդիրը որպես առանձին ոլորտի կամ առանձին գերատեսչությանը, ատյանին վերաբերող հարց։ Սա երկրում իրավիճակից բխող իրողություն է։ Իրավիճակից, որը ձևավորվել է ոչ թե քաղաքացիների կյանքի բարելավման նպատակով և քաղաքացիների իրական շահերի սպասարկման իմաստով՝ բարեկեցության, կայունության, անվտանգության, առավել ևս արդարադատության, բացարձակապես այլ, քաղաքական, քրեաիրավական քաղաքական մեկ իրադարձությունից ելնելով քաղաքական նեղ շահին սպասարկման նպատակով»,- ասաց Տ.Ուրիխանյանը։
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն հուլիսի 26-ին դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելով հունիսի 22-ին խորհրդարանի ընդունած սահմանադրական փոփոխությունները, որոնց համաձայն Հրայր Թովմասյանը պետք է թողնի ՍԴ նախագահի պաշտոնը, դատարանի կազմից հեռանան 12 տարի պաշտոնավարած դատավորները՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը:
Այդ դիմումին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չէր միացել։ Այնուհետև «Լուսավոր Հայաստան»-ն է դիմել ՍԴ ավելի շատ ստորագրությամբ։
Հարակից հրապարակումներ`
- 15-օրյա ժամկետում ՍԴ-ն կորոշի՝ վարույթ ընդունել «ԲՀԿ»-ի դիմումը, թե՞՝ ոչ. Զոհրաբյան
- ԲՀԿ-ն նախաձեռնում է ստորագրահավաք` Սահմանադրական դատարան դիմելու համար