Բաբկեն Պիպոյան. Պրոբլեմների մասին հիշում ենք դժբախտ դեպքերի ժամանակ, ապա՝ արագ մոռանում
Ցավոք, մեր երկրում ոլորտներում առկա համակարգային խնդիրների մասին հիշում ու բարձրաձայնում են այս կամ այն ողբերգական դեպքից հետո։ Առավել ցավալի է, որ հետևություններ չեն արվում, առկա խնդիրներին այդպես էլ համալիր լուծումներ չեն տրվում։
Այսօր հայտնի դարձավ, որ առնվազն մի քանի մարդ (ՔԿ տվյալներով՝ 7, ԱՆ տվյալներով՝ 10) մահացել է օղի օգտագործելու հետևանքով։ Թե ի՞նչ պայմաններում է թորվել օղին, ի՞նչ հումքից, երբվանի՞ց, ի՞նչ ծավալով է սպառվել, հայտնի չէ։ Այս ու այլ բազմաթիվ հարցերի պատասխաններ չկան առողջապահության նախարարության, քննչական կոմիտեի, սննդի անվտանգության տեսչական մարմնի հրապարակած հաղորդագրություններում։
Հայտնի է, որ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Արմավիր քաղաքի բնակիչ՝ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանը՝ ծնված 1970թ-ին:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն իր խողովակներով պարզել է, որ այդ մարդն Արմավիրում լավ օղի թորողի համբավ ունի։ Իրեն հասած տեղեկություններով, վաճառքն իրականացրել է տնից։
Մահվան դեպքերի պատճառ դարձած պետական մարմինների անգործության, ձեռնարկվելիք քայլերի մասին Panorama.am-ը զրուցել է ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ։
Panorama.am- Պարոն Պիպոյան, Հայաստանում թունավորման մասայական դեպքեր շատ են եղել, բայց որ այն հանգեցրել է մահվան դեպքերի, չեմ հիշում։ Ինչի՞ հետևանք է տեղի ունեցածը։
Բ. Պիպոյան- Համակարգային շատ լուրջ խնդիր ունենք։ Էլ ավելի ցավալի է, որ այս պահի դրությամբ ստեղծված չէ մի օպերատիվ շտաբ, որը կհրապարակի միասնական տեղեկատվություն։
Քննչական կոմիտեն հրապարակում է մահվան դեպքերի այլ թիվ, առողջապահությունը խոսում է 11 դեպքերի մասին, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այդ ֆունկցիան թողնում է առողջապահության նախարարության վրա։ Մի շարք հարցերի մասին ինֆորմացիայի բացակայության հետևանքով այս պահին լիարժեք վերլուծություն ու եզրակացություններ անելու հնարավորություն չունենք։
Ունենք մի մխիթարող հանգամանք, որ այդ արտադրանքը չի շշալցվել ու մտել խանութներ։ Այդ պարագայում իրավիճակն ավելի բարդ կլիներ։ Այստեղ, ըստ նախնական տեղեկությունների, գործ ունենք տնից լավ քաշած օղու վաճառքի հետ։ Բնականաբար, սա ինչ-որ բանի հետևանք է՝ սկսած չներդրված համակարգերից, սկսած այդ բացակայող համակարգերի նկատմամբ իրականացվող գործառույթներից։ Բայց նաև մշակութային որոշակի խնդիր ունենք, օրինակ, քաշած օղի խմողներին հարցրեք, թե ի՞նչ կարծիք ունեն տնական օղու ու գործարանային արտադրության օղու մասին։ Նրանց մեծ մասը կզարմանա, թե ինչպե՞ս կարելի է համեմատել, ինչպե՞ս կարելի է գործարանային արտադրության օղի խմել։
Քաշած օղու գրանցման ընթացակարգերը պետք է պարզեցվեն այնքան, որ բացի անվտանգության երաշխավորվող ծախսերից ուրիշ ծախս չմնա գյուղացու վրա։ Բայց հիմա պատկերացրեք, թե ինչ խոր անվստահություն է առաջանալու գյուղական արտադրանքի նկատմամբ, որով որոշակի սոցիալական խնդիր էր այս երկրում լուծվում։
Արդո՞ք մրգային օղիները պետք է պարտադիր կերպով շշալցվեն, թե՞ այլ չափորոշիչներ պետք է սահմանվեն, սրանք խնդիր են, որ պետք է լուծվեն՝ մի կողմից գյուղացուն հնարավորություն տալով արտադրել, իսկ սպառողին՝ ունենալ երաշխավորված անվտանգություն։
Panorama.am- Փորձը ցույց է տվել, որ խնդիրների մասին հիշում են դժբախտ պատահարների դեպքում։ Հանգիստ պայմաններում պետական մարմինները դրանց մասին չեն հիշում։
Բ. Պիպոյան- Մի քանի օր առաջ ես ասել եմ, եղավ գազի պայթյուն, բոլորը հիշեցին այդ ոլորտում առկա խնդրի մասին, կլինի վթար, կհիշեն ոչ կանոնավոր փոխադրումների մասին և այսպես շարունակ։ Մինչդեռ մոդելը պետք է լինի այսպես՝ կա խնդիր, ուրեմն պետք է տեսնենք լուծված խնդիրն ու չմոռանանք, որ այն շարունակում է մնալ չլուծված։ Չի կարելի նման դեպքերի ժամանակ պրոբլեմը հիշել, ապա քիչ ժամանակ անց՝ մոռանալ։ Սա էլ է մշակույթ՝ սկսած հանրային պահանջից, շատ ժամանակ գործադիրը ներուժը, գործողությունները պլանավորում է ըստ հանրային պահանջի։
Panorama.am- Հանրային պահանջը պետք է լինի իրազեկվածության արդյունք, բայց մենք որևէ անգամ չենք լսել, տեսչական մարմնից որևէ մեկը խոսի տնական օղու հնարավոր վատ հետևանքների մասին։
Բ. Պիպոյան- Ես հենց այդ պատճառով հանրային պահանջն առաջին տեղում չհիշատակեցի։ Այո, պետք է բացերի վերլուծություն արվի, գնահատվի ռիսկը, տալ փորձագիտական գնահատական, և ոչ թե սպասել դեպքի տեղի ունենալուն։
Նման դեպքերը գալիս են ապացուցելու, որ փորձագիտական շրջանակների, սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող մասնագետների կանխատեսումները, որոնք հանդիպել էին այս կամ այն դիմադրության, հիմնավոր են։
Այո, ցավալի է, բայց պետք է խոստովանել, որ շատ փոփոխություններ արդյունավետ են լինում նման դժբախտ դեպքերից հետո։ Եթե մենք խոսում ենք կանխարգելման մասին, ապա պետք է լինի համակարգված, բոլոր ինստիտուտների ներգրավմամբ։ Եթե նկատեցիք, իմ առաջին դիտարկումն այս թեմայով այն էր, որ միասնական տեղեկատվական պլատֆորմ այս պահին էլ չկա։ Որոշակի եզրահանգում անելու համար ստիպված ես տարբեր տեղերից ստացած ինֆորմացիան ֆիլտրել։
Շտապելը, մեկը մեկից առաջ ընկնելն ու շուտ ասելն առաջացնում է խնդիրներ, և սա այն դեպքում, երբ մենք խոսում ենք ցավալի իրողությունից հետո աշխատանքի մասին։
Մինչդեռ հենց կանխարգելման աշխատանքների ժամանակ այս բոլոր մարմինները պետք է ունենան նույն լեզուն, նույն խոսքը, նույն խնդիրն ու ռազմավարությունը, լինի միասնական ախտորոշում ու մեթոդաբանություն։
Panorama.am- Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն հետագայում նման ողբերգական դեպքերից խուսափելու համար։
Բ. Պիպոյան- Պետք է փնտրել ու գտնել այնպիսի լուծումներ, որի հետևանքով գյուղացին չտուժի։ Պետք է սահմանվեն չափորոշիչներ ու ներդրվեն փուլ առ փուլ։ Կարգավորումները պետք է լինեն բալանսավորված սոցիալ-առողջապահական տեսանկյունից, քանի որ էլի եմ կրկնում՝ մշակույթ փոխելը մեկ րոպեի գործ չէ, իսկ մարդն էլ մեղավոր չէ, որ քաշած օղի է սիրում։
Panorama.am- Անհրաժեշտ փոփոխությունների, կարգավորումների համար ցանկություն ու մասնագիտական ունակություններ կա՞ն արդյոք։
Բ. Պիպոյան- Այսպես ասեմ, եզրակացություններ, գուշակություններ անելու փոխարեն կարող ենք սպասել ու տեսնել, թե ի՞նչ կանեն։ Առնվազն այն, որ առ այսօր նման հետևանք չի կանխատեսվել, ընթացակարգային փոփոխություններ նախաձեռնված չեն, շատ լավատես չեմ։ Բայց հույս ունեմ, որ լավատեսությունս կվերականգնվի նախագծեր տեսնելով։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին