Գիտնականները վատագույն բնապահպանական աղետ են կանխատեսել Երկրի համար
Սառցադաշտերի հալչելը կարող է հանգեցնել բնապահպանական վատագույն աղետին՝ կլիմայի տաքացմանը: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, համապատասխան հետազոտությունը հրապարակված է EurekAlert!-ի մամուլի հաղորդագրությունում:
Նշվում է, որ 90-ական թվականներից սկսած Գրենլանդիայում և Անտարկտիկայում սառույցի հալվելու պատճառով համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրացել է 1,8 սանտիմետրով: Կլիմայի փոփոխության հարցերով միջկառավարական հանձնաժողովը հայտարարել է, որ դա համապատասխանում է երկրագնդի տաքացման վատագույն տարբերակին:
Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի և Դանիայի օդերևութաբանական ինստիտուտի գիտնականների տվյալներով, եթե սառցադաշտերը շարունակեն հալչել նույն արագությամբ, ապա դարի վերջին օվկիանոսի մակարդակը կբարձրանա ևս 17 սանտիմետրով և կառաջացնի ջրհեղեղներ, որոնք վտանգի տակ կդնեն 16 միլիոն մարդու կյանք: