Հայկական կողմը պատրաստ է մասնակցել թյուրիմացությունը լուծելուն ուղղված երկխոսությանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է Շախմատի միջազգային ֆեդերացիային` մտահոգություն հայտնելով Հայաստանի շախմատի ազգային հավաքականի և ամբողջ շախմատային ընտանիքի նկատմամբ ՖԻԴԵ-ի կայացրած վերջին որոշումների կապակցությամբ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի` Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Արկադի Դվորկովիչին ուղղված նամակում մասնավորապես ասվում է.
«Իմ մտահոգությունն ու հիասթափությունն եմ հայտնում Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) կողմից Հայաստանի շախմատի ազգային հավաքականի և ամբողջ շախմատային ընտանիքի նկատմամբ վերջերս կայացված որոշումների կապակցությամբ: Մասնավորապես, ՖԻԴԵ-ն մերժեց Հայաստանի բողոքարկումը հետևյալ փաստարկով. «համացանցի կապի որակի և կայունության ապահովումը խաղացողի պատասխանատվությունն է: Օլիմպիադայի ընթացքում այս կետը կիրառելու պրակտիկան արդեն հաստատվել է նախորդ միջադեպերում: Ստեղծված իրավիճակում ցանկացած այլ որոշում հակասում է մրցաշարի կանոնակարգին` ստեղծելով նախադեպ, որը կարող է հանգեցնել հետագա հակասական իրավիճակների»:
Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է հիմնավոր բացատրություն և բարձրացրել նաև որոշ հարցեր, ՖԻԴԵ-ն որոշում է կայացրել չդիտարկել դրանք: Ցավոք, իրավիճակն ու խնդիրները հետագա զարգացում ունեցան, և ի վերջո ՖԻԴԵ-ն չհետևեց իր նախադեպին և Հնդկաստանի դեպքում խաղերը համարեց չխաղարկված կամ թերի խաղացված, մինչդեռ Հայաստանի դեպքում՝ խաղացողը համարվեց պարտված՝ «ժամանակի» պատճառով: Արդյունքում, ՖԻԴԵ-ն հանդես եկավ աննախադեպ որոշմամբ՝ մրցաշարի հաղթող ճանաչելով և՛ Ռուսաստանին, և՛ Հնդկաստանին:
Մենք դա համարում ենք անարդար և ոչ հետևողական մոտեցում, որը չի ապահովում անդամ երկրների հանդեպ հավասար վերաբերմունքը, ինչը հիմնաքարային է ՖԻԴԵ-ի՝ որպես միջազգային կառույցի պարագայում:
Վստահ եմ, որ իր կայացման երկար ճանապարհի և առաքելության մեջ ՖԻԴԵ-ն փորձում է բարձրացնել մրցաշարերի նկատմամբ վստահությունը: Այն կառուցվում է բոլոր մրցակցող թիմերի համար հավասար մրցակցության պայմանների ապահովման միջոցով, որպեսզի նրանք բոլորը համարեն, թե արժանանում են հավասար վերաբերմունքի: Այնուամենայնիվ, վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ դա այդպես չէ մի իրավիճակում, երբ Հայաստանի շախմատի ազգային թիմը համարում է, որ առնչվել է խտրական վերաբերմունքի:
Ուզում եմ հավաստիանալ, որ ՖԻԴԵ-ն այս միջադեպի վերաբերյալ բացատրություն կտա մրցաշարի մասնակիցներին և, ընդհանուր առմամբ, շախմատային համայնքին և կձեռնարկի բոլոր հետևողական քայլերը (ներառյալ նույնիսկ միջոցառման վերսկսումը Հայաստան-Հնդկաստան թիմի խաղային փուլից): Լիահույս ենք, որ վստահության ստեղծման նմանատիպ նախաձեռնություններն ապագայում կկանխեն այսպիսի միջադեպերը և կմիավորեն շախմատային աշխարհը»։
Նախարար Հարությունյանը եզրափակել է, որ հայկական կողմը պատրաստ է մասնակցել թյուրիմացությունը լուծելուն ուղղված երկխոսությանը:
Հարակից հրապարակումներ`
- «Ինչպիսի խայտառակություն»
- Հայաստանի շախմատի հավաքականը ի նշան բողոքի բոյկոտել է Հնդկաստանի հետ երկրորդ մրցախաղը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները