Փաստաբան. Մալաքյանների մասին տարածված տարածված տեղեկատվությունը խիստ սուբյեկտիվ է, և ուռճացված
Ֆուտբոլիստ եղբայների՝ Էդգար և Գոռ Մալքայանների փաստաբանը կարծում՝ շուտով ականատես կլինեք հերքումների հենց տեղեկատվությունը տարածած պաշտոնական աղբյուրների կողմից:
Փաստաբան Գոռ Միքայելյանը գրում է.
«Երեկվանից ամբողջ համացանցը հեղեղված է տեղեկատվությամբ, թե իբր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստները կատարել են խուլիգանություն ու ծեծի են ենթարկել ոստիկանների:
Վստահ եմ, որ եթե տվյալ տեղեկատվությունը տարածողները մի պահ մտածեին, թե ինչպես են խախտում Մալաքյանների անմեղության կանխավարկածը կամ իրենց գործողություններով` թերի և միակողմանի դեպքը ներկայացնելով ինչպիսի մեծ հարված են հասցնում Հայաստանի ազգային հավաքականին և առհասարակ հայկակակ ֆուտբոլին` կանգ կառնեին։
Որպես ֆուտբոլիստների պաշտպան, փաստում եմ, որ տարածված տեղեկատվությունը խիստ սուբյեկտիվ է, միակողմանի, ուռճացված և թերի: Իրականում, եթե նույնիսկ հավատանք ոստիկանների` քրեական գործի շրջանակներում պնդումներին, դեպքը եղել է լրիվ այլ կերպ, սակայն հանրությանն է մատուցվում լրիվ այլ կերպ:
Կարծում եմ շուտով ականատես կլինեք հերքումների հենց տեղեկատվությունը տարածած պաշտոնական աղբյուրների կողմից:
Հ.Գ. Զորակցության խոսքերի համար Մալաքյաններն իրենց շնորհակալությունն են հայտնում իրենց խաղի և ազգային հավաքականի հազարավոր երկրպագուներին, հարյուրավոր խաղընկերներին, մարզիչներին...»։
Հիշեցնենք՝ երեկ քննչական կոմիտեն հայտարարեց, որ ֆուտբոլիստ եղբայրները ձերբակալվել են՝ ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, օգոստոսի 30-ին` ժամը 23:20-ին, ՀՀ ոստիկանության կապիտանը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 23:15-ի սահմաններում, ստացված հաղորդման հիման վրա՝ մեկնել են «Կասկադ», որտեղ նկատել են երկու երիտասարդների, ովքեր քաշքշել են ոստիկանության երկու ծառայողի: Նշված երկու երիտասարդները տևական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, նրանցից մեկը քաշել և պոկել է ոստիկանության ծառայողներից մեկի ուսադիրը: ՊՊԾ ծառայողների օգնությամբ վերջիններս բերման են ենթարկվել, պարզվել է նրանց ինքնությունը. վերջիններս եղբայրներ են՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ: Պարզվել է նաև, որ վիճաբանության ժամանակ նրանցից մեկը բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:
Քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել է տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ: Ֆուտբոլիստ եղբայրները ձերբակալվել են: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: