Իրաքը ցանկանում է ազատվել «ՕՊԵԿ»-ի սահմանափակումներից
Իրաքը մտադիր է «ՕՊԵԿ»-ին խնդրել՝ իրեն ազատել 2021 թվականի առաջին եռամսյակում նավթի արտահանումը նվազեցնելու պարտավորություններից։ Այս մասին հայտարարել է Իրաքի նավթի նախարար Իհսան Աբդել Ջաբերը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Իրաքը ջանքեր է գործադրում «ՕՊԵԿ»-ի շրջանակներում նավթի արտահանման սահմանափակումներից ազատվելու համար: Այն դեպքում, երբ նավթ արտահանող երկրների նախարարները հաջորդ երեք հանդիպումների ընթացքում համաձայնություն ձեռք կբերեն 2021 թվականի առաջին եռամսյակում սահմանափակումները վերացնելու մասին, Իրաքը պարտավորվում է 2021 թվականի երկրորդ եռամսյակում կրճատել նավթի արտահանումը»,- ասել է նախարարը։
«ՕՊԵԿ+» համաձայնագիրն ուժի մեջ է մտել մայիսի 1-ից, այն ենթադրում էր մայիս-հուլիս ամիսներին դաշինքի երկրների կողմից նավթի արդյունահանման կրճատում օրական 9,7 միլիոն բարելով:
Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան, համաձայն պայմանավորվածությունների, կրճատել են նավթի արդյունահանումը հավասար բաժնեմասով ՝ օրական 2,5 միլիոն բարել . այդ դեպքում արտահանման օրական ծավալը 11 միլիոն բարել էր։
Համաձայնագրերը ուժի մեջ կլինեն երկու տարի, բայց 2020-ի օգոստոսից մինչև դեկտեմբեր դաշինքում արդեն արտահանման նվազումը օրական 7,7 միլիոն բարելի է հասնում, իսկ 2021 թվականի հունվարից մինչև 2022 թվականի ապրիլի վերջը՝ օրական 5,8 միլիոն բարելի:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը կողմ է «ՕՊԵԿ +» գործարքի մասնակիցների թվի ընդլայնմանը
- Նիգերիան «ՕՊԵԿ+»-ին կփոխհատուցի իր թերակատարումների համար
- ՌԴ-ն ու «ՕՊԵԿ»-ը նավթի արդյունահանման աննախադեպ կրճատումներ կիրականացնեն
- Ադրբեջանը «ՕՊԵԿ+»-ին չանդամակցող երկրներին կոչ է արել կրճատել նավթի արդյունահանումը