Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում կհնչի լարախաղացի նվագ
«Մեզ թույլարված է առաջիկայում բացօթյա համերգներ կազմակերպել, միայն բաց տարածքներում հանդես գալ»,- ասուլիսում ասաց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը։
Նա հայտնեց, որ առաջին համեգը կկայանա սեպտեմբերի 5-ին, ժամը 20։30 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում, համերգով հանդես կգան Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Հարություն Թոփիկյան) և Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան):
Համերգին հնարավորություն կունենա ներկա գտնվելու սահմանափակ թվով հանդիսատես՝ պարետատան սահմանած կանոններին համապատասխան։ Միջոցառման ընթացքում կպահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները։
Ն. Նազարյանի խոսքով, մարտից ի վեր «այնպես չէ, որ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ձեռքերը ծալած նստել է»։ Նա ասաց, որ այս ընթացքում հնարավորության դեպքում աշխատել են, փորձեր արել, բավականին մեծ ռեպերտուար ունեն առաջիկայում ներկայացնելու համար։
«Կարծում եմ՝ առաջիկայում այդ բացօթյա համերգներն էլ ավելի հետաքիքր, մասսայական կդառնան, կունենանք խոստումնալից միջոցառումներ»,- ասաց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրենը։
Սեպտեմբերի 5-ի համերգի ծրագրում կհնչի հայկական ավանդական երաժշտություն, Կոմիտաս, Էդգար Հովհաննիսյան։
Սեդրակ Երկանյանն ասաց, որ ցանկանում է խոսել մի նվագի մասին. «Որքան գիտեմ՝ մեզանում եզակի կլինի։ Առ այսօր բեմահարթակներում չեմ լսել լարախաղացի նվագ։ Ոչ միայն հետաքրքիր է, հետաքրքիրն այն է, որ այս մշակույթը երաժշտական առումով, բացակայում էր մեր համերգային կյանքից։ Փորձել եմ՝ այն, ինչը մեր նախնիները ստեղծել են, այս պարագայում ևս չկորի, ևս հանենք բեմահարթակ։ Եթե կյանքն ապացուցի, որ կյանք ունի, պարբերաբար կընդգրկենք մեր ծրագրերում։
Մեր մշակութային ժառանգությունն այնքան մեծ է, այնքան հարուստ, երանի մարդ երկար ապրի ու կարողանա այդ ամեն ինչի մեջ սուզվի, վեր հանի, նորովի ներկայացնի մեր հանրությանը։ Հավատացեք, մի քանի սերունդի տքնաջան աշխատանք է պետք, որպեսզի մեր նախնիների ժառանգությունը նորից կյանքի կոչենք»։
Նրա խոսքով, մտածում են տնօրինության հետ բացօթյա համերգները ոչ միայն Երևանում իրականացնել, նաև քաղաքից դուրս։
Ասուլիսին ներկա Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Հարություն Թոփիկյանն ասաց, որ մեծ ոգևորություն ունի բացօթյա այս համերգների ձևաչափից։ Նրա գնահատմամբ, հրաշալի մշակույթ է։
Նա հայտնեց, որ Էդգար Հովհաննիսյանի 90-ամյակի առթիվ նրա խտասալիկը թողարկելու հնարավորություն ունեն, մայր օրինակի աշխատանքներն արդեն այս կամ հաջորդ ամիս պետք է ավարտած լինեն։
Հարություն Թոփիկյանն ասաց, որ նպատակ ունեն Էդգար Հովհաննիսյանի 90-ամյակի տոնակատարություն կազմակերպել նաև Շուշիում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան