Վիտալի Բալասանյան. Աշխարհը վաղ թե ուշ կճանաչի Արցախի ժողովրդի արդարացի և օրինական որոշումը
Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։
«Սիրելի՛ հայրենակիցներ
Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքներն Արցախի Հանրապետության Անկախության հռչակման օրվա կապակցությամբ: Անկախությունը մեր պապերի դարավոր երազանքն էր, որն իրականություն դարձավ հայ ժողովրդի պայքարի ու անկոտրում ոգու շնորհիվ:
1991 թ. ժողովուրդն ընդունեց պատմական որոշում սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, ազատ, անկախ, ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետություն կառուցելու մասին, և 1991 թ. սեպտեմբերի 2-ը եղավ Արցախի ողջ ժողովրդի երազանքի իրագործման արձանագրումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակումը:
Միջազգային հանրությանը արցախցին իր պայքարով, հերոսությամբ, ամուր կամքով և վճռականությամբ ցույց տվեց, որ պատրաստ է պաշտպանելու և պահպանելու իր զավակների արյամբ սրբագործված հայրենի հողը, ձեռնամուխ եղավ բանակի հզորացմանը, տնտեսության վերականգնմանը և սոցիալական հիմնախնդիրների լուծմանը, ապացուցեց, որ ինքն է հայրենի օջախն ու անկախ պետականությունը պաշտպանողը, կառուցողը ու շենացնողը:
Վստահ եմ, որ յուրաքանչյուրս գիտակցում ենք անկախության ձեռքբերման ծանր գինը և այն պահպանելու գործում մեր պատասխանատվությունը, իսկ աշխարհը վաղ թե ուշ կճանաչի Արցախի ժողովրդի այս արդարացի և օրինական որոշումը:
Այս փառավոր օրը նվիրական տոնի՝ Անկախության օրվա առթիվ գլուխ եմ խոնարհում Արցախի ազատության համար ընկածների հիշատակի առջև՝ մաղթելով հայրենիքին խաղաղություն, իսկ ժողովրդին՝ անկոտրում կամք, ստեղծագործ կյանք, բարեկեցություն և անսասան հավատ ապագայի նկատմամբ:
Աստված պահապան Արցախ աշխարհին»։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանը հարատև խաղաղություն, բարեկեցություն և նոր հաղթանակներ է մաղթել Արցախին
- Սերժ Սարգսյան. Արցախը կատարել է իր ընտրությունը և այլևս երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում
- Այս կարևորագույն պետական տոնը մենք կերտել ենք միասին. Արցախի նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին