Ներկայիս իշխանություններն իրականացնում են 1945 թվականի Ռոբերտ Քենեդու ծրագիրը. Արտաշես Ալեքսանյան
«Շատ ֆեյք էջերի տգիտության պատճառով մենք այսօր շատ ավելի կողմնակիցներ ունենք»,- այսօր «Կամք» նախաձեռնության հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։
Նրա խոսքով, ծրագիր կա, որպեսզի հայկական արժեհամակարգը քանդվի։ Բանախոսը բարձրաձայնեց և ներկայացրեց 1945 թվականի մի ծրագիր, երբ Ռոբերտ Քենեդին բեռլինյան հանրահավաքի ժամանակ կարդացել է, որպեսզի արթնանա Բեռլինի հասարակությունը։
«Ես կուզեմ այդ ծրագիրը ընթերցել, որպեսզի մեր հասարակությունը հասկանա՝ այն գործում է նաև այսօր։ Ինչ են ասում այդ ծրագրի հետևորդները. քաոս սփռելով և հասարակության իրական արժեքներն աննկատ կեղծելով՝ պետք է փոխել, ստիպել հավատալ կեղծ արժեքներին։ Սա, կրկնում եմ, Ռոբերտ Քենեդիի ելույթն է բեռլինյան հանրահավաքին։ Բացի այդ, առաջարկվում էր արվեստը, մշակույթը թուլացնել, գրականությունը անբարոյական, պոռնոգրաֆիկ բնույթի դարձնել։ Երկրորդը, գրականությունից և արվեստից աստիճանաբար պետք է դուրս մղվեր նրա հասարակական էությունը։ Թատրոնն ու կինոն պետք է փառաբանեն զազրելի երևույթները։ Մենք դրան ականատես եղանք Մելինե Դալուզյանի մասին ֆիլմի համար արված հատկացումով, Հրապարակի մետրոյի մոտ իրականացված ներկայացմամբ։
Նոր սերնդին էլ ցանկանում են թունավորել նոր անբարոյականությամբ և արմատական տեսություններով։ Սոցիալական դասակարգերի մեջ էլ աղմուկ են բարձրացնում։ Ամեն մի լուրջ, դրական միտք էլ խանգարում են՝ ինչ գնով էլ լինի։ Նրանք ուզում են քայքայել ընտանեկան կյանքը, արժեզրկել այն։ Բացի այդ, պետք է օգնեն և բարձրացնեն այնպիսիններին, որոնք մարդկային գիտակցության մեջ կսերմանեն սեքսի, դավաճանության, սադիզմի... պաշտամունք։ Կառավարիչներ պետք է նշանակեն ներքևի խավի մարդկանց, վերին խավի հոգևոր ուժն ամբողջովին տկարացնելու և քայքայելու համար...»,- ընթերցեց Արտաշես Ալեքսանյանը՝ հավելելով, որ այժմ հայ հասարակությունը հենց այդ ծրագրի իրագործման ականատեսն է։
Բացի այդ, ըստ արտիստի, նպատակ կա քայքայելու հարգանքը հոգևոր արժեքների և սրբությունների նկատմամբ։ Հեղինակավոր, հարգանք վայելող անձնավորությունների մասին էլ ստեր են հորինվում, օժանդակվում է հիմարությունը, կաշառակերությունն ու անօրինականությունը։ Սուտն ու կեղծիքը, դավաճանությունն ու ժողովուրդների թշնամությունը ճարպկորեն և աննկատորեն սերմանվում է.
«Սա ծրագրի ընդամենը մի մասն է»։
«Կամք» հասարակական շարժման հիմնադիր Վահագն Չախալյանն էլ նշեց, որ իրենք բարձրացնում են հասարակության տարբեր շերտերի մտահոգությունը։
«Շատ կարևոր է հասկանալ, որ մեր պահանջը վերքաղաքական է։ Այսօր իշխանությունները մի զենք ունեն՝ ասում են, թե իբր սա սևերի պահանջն է սպիտակների հանդեպ։ Ոչ, մեր պայքարը ազգայինի պաշտպանության համար է։ Մեր պայքարը ազգային պայքար է, դա սևի ու սպիտակի մեջ չէ։ Մեր լեզուն, մեր էությունը, մեր ինքնությունը պահելու ցանկություն ունենք մենք, որևէ մեկս անձնական պայքարի մեջ չէ Արայիկ Հարությունյանի հետ։ Մենք ունենք հարցադրումներ, այո, Արայիկ Հարությունայնն իրավունք չուներ տրանսգենդեր Կարաբինային տաներ նախարարություն։ Նա կարող էր իր տանը սրճել տրանսգենդերի հետ»,- շեշտեց նա։
Վահագն Չախալյանը համոզմունք հայտնեց, որ ԿԳՄՍ նախարարը ոտքից գլուխ սուտասան է.
«Բայց պետք է նշեմ, որ մեր պայքարի արդյունքում հայ եկեղեցու պատմության դասագրքերը բաժանել են դպրոցում։ Բայց եթե այդ դասագրքերը բաժանել են, դա չի նշանակում, որ տասը օր առաջ նպատակ չի եղել այդ առարկան հանել ուսումնական ծրագրից։ Իրենք, տեսնելով, որ այժմ դժգոհություն կա, հետաձգում են իրենց նպատակների կատարումը։ Դա մեզ համար անընդունելի է։ Հայկականի դեմ պայքարը տարածաշրջանում տասնամյակներ շարունակ է իրականանում։ Օրինակ, Վրաստանում դեռ 2003-ին են արել այս ամենը։ Այնտեղ հայոց պատմության, եկեղեցու պատմության ու հայոց լեզվի աղավաղումը շատ վաղուց է սկսվել»։
Հարակից հրապարակումներ`
- «Կամք». Համապետական ծնողական ժողովի ժամանակ Արայիկ Հարությունյանը որոշեց խաբել, մանիպուլացնել և պառակտել հանրությանը
- Ոստիկանությունը բերման ենթարկեց «Կամք» նախաձեռնության ակտիվիստներին
- «Կամք»-ը ավտոերթով պահանջում է ԿԳՄՍ նախարարի հրաժարականը
- «Կամքը» ավտոերթով կսկսի ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող գործողությունների շարք
- «Կամքը» կնախաձեռնի ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջի պայքար, եթե իրենց պահանջը չբավարարվի