«Հրապարակ». Աղմկահարույց օրինագիծը բերվել է օրակարգ, որպեսզի առաջիկայում օրինագծերի անխափան ընդունումն ապահովեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը նորից օրակարգ է բերել աղմկահարույց օրինագիծը, որը մերժել էր հուլիսին։ Խոսքը ժամանակավոր անաշխատունակ պատգամավորներին գրավոր քվեարկության իրավունք տալու մասին է։
Գործող օրենքով` պատգամավորը նախապես կարող է տեղեկացնել քվեարկության մասին միայն այն դեպքում, եթե մեկնել է գործուղման: Առաջարկվում է հիվանդ պատգամավորներին էլ հնարավորություն տալ՝ քվեարկելու գրավոր: Նույնն է առաջարկվում նաև ԱԺ խորհրդի անդամի, նաև հանձնաժողովի անդամի համար:
Ժամանակավոր անաշխատունակության թերթիկը և քվեարկության մասին նամակը փակ ծրարով հանձնաժողովի նախագահին կամ նրան փոխարինողին պետք է հանձնվի քվեարկությունից գոնե 3 ժամ առաջ:
Այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել էր կորոնավիրուսի պատճառով, քանի որ պատգամավորներ էին վարակվել, սակայն երկրորդ ընթերցման ժամանակ այն կոշտ քննադատության արժանացավ նաև ԱԺ նախագահի կողմից և մերժվեց՝ տպավորություն կար, որ այլևս չի վերադարձվի օրակարգ։ Իսկ վերադարձրել են, որ առաջիկայում կարևոր քվեարկությունների ժամանակ բացակայությունների պատճառով օրինագծերի անխափան ընդունումն ապահովեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում