Եկամալյանցիները հույս ունեին՝ «նորը հնից կտարբերվի»
Երևանի Եկամլյան փողոցի՝ իրենց բնակարաններից տարիներ առաջ զրկված բնակիչներն այսօր էլ վերջին հինգշաբթիների պես կառավարության շենքի դիմաց էին եկել այն հույսով, որ «նորը հնից կտարբերվի»։ Խոսքն իշխանության մասին է։
«15 տարին քիչ բան չէ, շատ ենք հուսահատվել։ Պետության կարիքների համար մեր տները քանդեցին, տվեցին անհատ ձեռներեցի, ով դատվեց, բայց մեր խնդիրը չլուծվեց։ Հիմա մեզ անընդհատ ասում են՝ հաջորդ շաբաթ եկեք, մյուս ամիս եկեք»,- ասում է եկմալյացի տղամարդը։
Նրա խոսքով, հեղափոխության իրականացմանն ինքն էլ մասնակցել է, որ արդարությունը հաղթանակի։
«Մենք դա արել ենք, որ արդարություն լինի, ոչ թե գանք, տեսնենք, խնդիրը չի լուծվում, էլի մտածենք իշխանափոխության մասին։ Մեզ թող ասեն, ով է զբաղվում մեր հարցով, ով է պատասխանատու։ Կոնկրետ պատասխանատվություն չկա։ Կուզեի, որ նոր իշխանությունները մի քիչ մարդկանց լսող լինեն։ Հիմա մենք լրիվ անտերության ենք մատնված, մենակ հինգշաբթի լրագրողներն են լսում մեզ ու էլ ոչ մեկ չի զբաղվում, գոնե տեսնենք, որ մեկը լսի մեզ, իմանաս, որ սրտացավ է քո խնդրի նկատմամբ»,- նշում է նա։
Տղամարդը մի բան է ցանկանում, որ անտուն մնացած բնակիչների խնդիրն արագ լուծվի, իրենք էլ գան կառավարության առաջ ու շնորհակալություն հայտնեն կառավարությանը, բարի լուր ավետեն իրենց հարազատներին ու բարեկամներին։
Հիշեցնենք, որ նախորդ ակցիաներից մեկի ժամանակ Եկմալյանի փողոցի բնակիչները հայտարարել էին, որ խնդիրը չլուծվելու դեպքում դիմելու են այլ երկրների դեսպանատներ ու ապաստան խնդրեն, քանի որ իրենք տուժել են պետության գործողությունների հետևանքով։
Հարակից հրապարակումներ`
- Մեր տները Կառավարության կարիքների համար քանդեցին, 15 տարի վարկ ու պարտքի մեջ ենք. Եկմալյանի բնակիչ
- Եկմալյանի բնակիչ. Այս վիճակը տեսնելով գոնե հետաքրքրվեն՝ որտե՞ղ են ապրում, ի՞նչ վիճակում են
- Ակցիայի մասնակից Եկմալյանի բնակիչներից մեկին շտապ օգնության բժիշկները տարան
- Ակցիա. «Լուծեք Եկմալյան 4-16 բնակարանների հարցը»
- Եկմալյան փողոցի տնազրկված բնակիչները բողոքում են՝ գնդակ են դարձել քաղաքապետի ու վարչապետի միջև
- Եկմալյան փողոցում տեղի ունեցած սպանության դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել
- Եկմալյան փողոցի բնակիչներ. Մատնված ենք անտարբերության