Էդգար Մալաքյանը կկալանավորվի, Գոռ Մալաքյանի գործով դատարանը խորհրդակցական սենյակում է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, բավարարել է ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Մալաքյանի պաշտպան Գոռ Միքայելյանից։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանին, նաև նրա եղբորը՝ ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Պաշտպանը հայտնեց, որ դատարանը Էդգար Մալաքյանի ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ, կալանավորումը բավարարվել է մասնակի՝ մեկ ամսով։ Նա նշեց, որ որոշումը ստացել է, բայց դեռ չի հասցրել ծանոթացել, թե կալանավորման համար որպես հիմք ինչն են ընդունել։ Միաժամանակ նշեց, որ թեև չի ծանոթացել որոշմանը, սակայն կբողոքարկի, քանի որ իր համար ակնհայտ է՝ կալանավորման հիմք առհասարակ չկա։
Գոռ Մալաքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդության հետ կապված դատարանը հեռացել է խորհրդակացկան սենյակ։ Պաշտպանն ասաց՝ հայտնի չէ, թե երբ կհրապարակվի որոշումը։
Հարցին՝ ի՞նչ եք ակնկալում, Գոռ Մալաքյանի դեպքում էլ դատարանը նույն որոշումը կկայացանի, ինչ Էդգար Մալաքյանի, Գ. Միքայելայնն ասաց, որ այլ որոշում է ակնկալում։
«Ոչ։ Էդգարի դեպքում էլ նման որոշում չէի սպասում։ Առավել ևս Էդգարին կալանավորելուց հետո ուղղակի չգիտեմ էլի... Երկու տղայի կալանավորե՞ն։ Ակնկալում եմ, որ այս դեպքում որոշումը նմանը չի լինի»,- ասաց պաշտպանը։
ՔԿ-ից ավելի վաղ հայտնել էին՝ քննությամբ պարզվել է, որ 2020թ. օգոստոսի 30-ին` ժամը 23:00-ի սահմաններում, 26-ամյա և 29-ամյա ֆուտբոլիստ եղբայրները, ընկերոջ և մի քանի այլ անձանց հետ գտնվել են Երևան քաղաքի «Կասկադ» համալրին հարող սրճարաններից մեկում: Նշված ժամանակահատվածում ՀՀ ճանապարհային ոստիկանության երկու տեսուչներ, ծառայություն իրականացնելիս, նկատել են կանգառ-կայանման կանոնները խախտած՝ եղբայրների ընկերոջը պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և բարձրախոսով ներկայացրել մոտենալու պահանջ: Վերջինիս տեղեկացնելով վարչական իրավախախման վերաբերյալ փաստը՝ կազմել են համապատասխան արձանագրություն: Այդ պահին նրանց են մոտեցել ոչ սթափ վիճակում գտնվող երկու եղբայրները, պահանջել տեսուչներից իրենց մարզիկ ընկերոջը պատասխանատվության չենթարկել, և մերժում ստանալով՝ դիտավորությամբ խոչընդոտել են ոստիկանների ծառայողական պարտականությունների իրականացմանը, քաշքշել նրանց, պոկել ոստիկաններից մեկի ծառայողական կրծքանշանը և տեսագրիչ սարքը, մյուսի՝ ուսադիրը: 26-ամյա եղբայրը բռունցքով հարվածել է ոստիկաններից մեկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք:
Նույն ժամանակահատվածում սրճարանի մոտակայքում գտնվող ՀՀ ԱԱԾ երկու քննիչներ նկատելով եղբայրների կողմից իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը, մոտեցել են նրանց ու պահանջել դադարեցնել հակաօրինական գործողությունները: Վերջիններս, վրդովվելով իրենց արված դիտողությունից, հակադրվելով հասարակության անդամներին, անձնական պատվախնդրությունը վեր դասելով հասարակության շահերից և սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, տևական ժամանակ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, խաթարել հարակից սրճարաններում գտնվող անձանց անդորրը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` հնչեցրել են հայհոյանքներ և բռնություն գործադրել քննիչների նկատմամբ՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Նրանց գործողությունները զուգորդվել են այդ պահին ներկա գտնվող ոստիկանության այլ ծառայողների նկատմամբ դիմադրություն ցույց տալով:
Հարակից հրապարակումներ`
- ՀՖՖ-ն միջնորդություն է ներկայացրել Մալաքյան եղբայրների մասնակցությամբ միջադեպի առնչությամբ
- Ֆուտբոլիստ եղբայրներին մեղադրանք է առաջադրվել
- Փաստաբան. Մալաքյան եղբայրների լուսանկարներից դատեք, ովքեր են ծեծի ենթարկողներն ու ենթարկվածները
- Փաստաբան. Մալաքյանների մասին տարածված տարածված տեղեկատվությունը խիստ սուբյեկտիվ է, և ուռճացված
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա