ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Միջազգային քրեական դատարանի երկու աշխատակիցների նկատմամբ
ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) երկու աշխատակիցների նկատմամբ: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարությանը։
«Միջոցներ են ձեռնարկվում ՄՔԴ դատախազ Ֆաթու Բենսուդայի և արդարադատության դեպարտամենտի ղեկավար Ֆակիսո Մոչոչոկոյի դեմ»,- ասվում է տարածված հաղորդագրությունում:
2018-ին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել Միջազգային քրեական դատարանի դեմ՝ Աֆղանստանում ամերիկացի զինվորականների հանցագործությունների քննության պատճառով:
Ավելի ուշ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել էր, որ կազմակերպությունը մտահոգված է Միջազգային քրեական դատարանի անդամների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ հնարավոր որոշմամբ: Նա հույս էր հայտնել, որ սահմանափակումները չեն հակասի Միացյալ Նահանգների ՝ որպես ՄԱԿ-ի ընդունող երկրի պարտավորություններին։