Հանքարդյունաբերության ոլորտում իրավական դաշտ ընդհանրապես գոյություն չունի.Էդուարդ Աղաջանյան
«Հանքարդյունաբերության ոլորտում օրենքի շրջանակներ և իրավական դաշտ կարելի է արձանագրել, որ ընդհանրապես գոյություն չունի, ինչով էլ պայմանավորված է որոշումների կայացման կառավարության զգուշավորությունը»,- հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, որ Ամուլսարի պաշտպանության մեջ ընդգրկված ակտիվիստները փաստում են, որ վարչապետն այստեղ լռում է, այն դեպքում, երբ մշտապես ուղիղ եթերներով է հանդես գալիս այլ հարցերով:
Աղաջանյանը իրենց լռությունը բացատրեց նրանով, որ գիտեն, որ ցանկացած որոշում որոշակի իրավական հետևանքներ կարող է ունենալ՝ ոչ թե և ոչ այնքան քաղաքական թիմի համար, այլ Հայաստանի միջազգային վարկանիշի համատեքստում:
Կառավարության աշխատակազմի ղեկավարը հայտնեց, որ որոշումների կայացման փուլում են և վերջերս խորհրդակցություն է եղել Ամուլսարի հարցի վերաբերյալ: Նրա խոսքով, կառավարությունը ձեռքերը ծալած չի նստել, այլ փոփոխություններ է իրականացնում իրավական ոլորտում: Ըստ Աղաջանյանի, Տեսչական մարմինը օրենսդրական փաթեթ է ներկայացրել, որտեղ ընդերքի ոլորտին վերաբերող մեծ կարգավորումներ են առաջարկվում, ինչը իրավական հիմքեր կտա իրավիճակներից ելնելով կոնկրետ գործողություններ իրականացնել, որի հնարավորությունը մինչ այդ չեն ունեցել:
Էդուարդ Աղաջանյանը հավելեց, որ Շրջակա միջավայրի նախարարությունը՝ նորանշանակ նախարարի գլխավորությամբ կոնկրետ գործողություններ է իրականացնում, որի վերաբերյալ մոտ ժամանակներս պատկերացումներ կունենան և կներկայացնեն հանրությանը:
Հարցին՝ հնարավո՞ր է հավանական դիմադրությունից խուսափելու համար է, որ կառավարությունը Ամուլսարի հարցով հայտարարություն չի անում, Աղաջանյանը պատասխանեց. «Կառավարությանը մտահոգում է միայն ու միայն ՀՀ շահերը և միակ գործոնը, որով առաջնորդվում է՝ ՀՀ շահերն են»: