«Ապօրինի գույքի բռնագանձման» ստորաբաժանումը համարվում է ստեղծված
Գլխավոր դատախազությունում իրականացվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման կադրային համալրման գործընթացը:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այսօրվա հրամաններով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնում նշանակվել է Սիրո Ամիրխանյանը, վարչության պետի տեղակալի պաշտոնում՝ Տիգրան Ենոքյանը, վարչության ավագ դատախազների պաշտոններում՝ Անի Սարգսյանը և Գևորգ Քոչարյանը, իսկ վարչության դատախազի պաշտոնում՝ Տիգրան Դավթյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի սեպտեմբերի 1-ի հրամանով Սրբուհի Գալյանը նշանակվել էր ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում:
«Նկատի ունենալով, որ արդեն նշանակվել են պատասխանատու վարչության 5 դատախազներ՝ ստորաբաժանումը համարվում է ստեղծված, և վերոնշյալ օրենքն, ըստ էության, ամբողջությամբ մտնում է ուժի մեջ»,-նշում են դատախազությունից ու ավելացնում, որ Արթուր Դավթյանը ոլորտը համակարգող տեղակալի և նորաստեղծ վարչության նորանշանակ դատախազների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գործընթացն առանց ձգձգումների և կանոնակարգված իրականացնելու համար ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրությունների հստակ չափորոշիչներ սահմանելու, դատախազության այլ ստորաբաժանումներից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրություն սկսելու՝ օրենքով սահմանված հիմքեր պարունակող քրեական գործերի, վարույթների վերաբերյալ տեղեկատվությունը վարչությանը համակարգված և սխեմավորված տրամադրելուն առնչվող հարցեր:
Հարակից հրապարակումներ`
- Սրբուհի Գալյանը նոր պաշտոն ունի
- Կայացել են ապօրինի գույքի բռնագանձմամբ զբաղվող դատախազների և համակարգող տեղակալի ընտրության մրցույթները
- Սրբուհի Գալյանն ընտրվել է գլխավոր դատախազի՝ ապօրինի գույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան