ԲՏԱ նախարարությունը 8 մլն դրամի սխալ հաշվարկով նախագիծ էր ներկայացրել կառավարության նիստին
«Առկա իրավիճակում անհրաժեշտություն էր առաջացել նախարարության մի շարք ծրագրեր վերափոխել և իրավիճակին հարմարեցնել: Այդ պատճառով Կառավարության այս տարվա պետբյուջեով հաստատված «Գաղափարից մինչև բիզնես» միջոցառման համար նախատեսված առկա ողջ չօգտագործված 888 միլիոն դրամի գումարը տվյալ որոշմամբ նախատեսվում է ուղղել 17-րդ միջոցառման իրականացմանը»,- կառավարության նիստում հայտնեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը՝ ներկայացնելով պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին նախագիծը:
Փոխնախարարը հիշեցրեց, որ միջոցառումը կազմված է երեք դրամաշնորհային ծրագրից՝ նորարարական, կայացած ընկերությունների և համաֆինանսավորման դրամաշնորհներից:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նկատեց, որ նախագծով ներկայացված արդյունքային ցուցանիշների վերաբաշխման արդյունքների գումարը կազմում է 880 մլն դրամ, հետևաբար՝ 8 մլն դրամ ավեիլ է գրված և առաջարկեց ճշտել այդ հարցը:
Գոռ Մելիքյանը նկատեց, որ այն աջակցման նախորդ ծրագրի չօգտագործված գումարն է և հավաստիացրեց, որ այս անգամ օգնության գումարը լրիվ կհատկացվի:
Փոխնախարարի խոսքով, ծրագրին դիմած 290 ընկերություններից մրցութային հանձնաժողովը բարձր գնահատական է տվել 74-ին և եթե բոլոր ընկերություններն էլ ֆինանսավորվեն, ապա 270 մլն դրամով կանցնեն 888 մլն դրամի շեմը:
Վերջինս չբացառեց, որ նախարարությունն այդ գումարը ստանալու նոր առաջարկ ներկայացնի: