Հենզել Մկոյանը կմասնակցի Վրաստանի ԱԺ ընտրություններին
Վրաստանի խորհրդարանում «Վրացական երազանք» կուսակցության գործող պատգամավոր Հենզել Մկոյանը փաստաթղթեր է ներկայացրել Ախալքալաքի ընտրական հանձնաժողով, իր թեկնածությունն առաջադրելու, որպես պատգամավորի անկախ թեկնածու:
«Առաջադրվել եմ, ավելի ճիշտ պրոցեսի մեջ է: Փաստաթղթերի մեծ մասը ներկայացրել եմ, մնացել է մի քանի տեղեկանք ներկայացնեմ ու վերջ: Ես դնելու եմ իմ թեկնածությունը, գիտեմ շատ պատասխանատու գործ է, հատկապես, որ ամբողջ Վրաստանում իմ տվյալներով անկախ թեկնածու չկա: Ժողովուրդն այսօր ուզում է, որ ես առաջադրվեմ, ժողովրդի խնդրանքով եմ առաջադրվում, ինչպես նաև ես եմ ուզում, 5 անգամ եղել եմ խորհրդարանի պատգամավոր և ուզում եմ, որ 6-րդ անգամ նորից ընտրվեմ»,- Jnews-ին ասել է խորհրդարանում իշխող կուսակցությունը ներկայացնող, Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը:
Վրաստանում հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին «Վրացական երազանք» կուսակցությունը Հենզել Մկոյանի փոխարեն որպես մեծամասնական պատգամավորի թեկնածու է առաջադրել Սամվել Մանուկյանին:
Հենզել Մկոյանը Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է սկսած 1999 թվանակից մինչ օրս:
Վրաստանի ընտրական օրենսգրքի 116-րդ հոդվածի, 9-րդ մասի համաձայն. ընտրողների նախաձեռնող խմբի կողմից թեկնածուի առաջադրումը պետք է հաստատվի համապատասխան ընտրատարածքում գրանցված աջակից ընտրողների առնվազն 1 տոկոսի ստորագրությունով: Իսկ եթե անկախ թեկնածուն խորհրդարանի գործող պատգամավոր է, ապա նրա առաջադրման համար ստորագրություն հարկավոր չէ:
Հարակից հրապարակումներ`
- Պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր մեքենայի պայթյունի փորձի առթիվ հետաքննություն է սկսվել
- Ախալքալաքում փորձել են պայթեցնել պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր ավտոմեքենան
- Հենզել Մկոյանը պատրաստ է առաջադրվել Վրաստանում որպես պատգամավորի թեկնածու