ՌԴ-ում առաջարկել են COVID-19-ի ֆոնին երկարաձգել վարկային արձակուրդները
ՌԴ-ում համաճարակի ընթացքում բիզնեսին աջակցելու միջոցառումները խնդրել են երկարացնել: Խոսքը փոքր ու միջին ձեռնարկությունների հարկերի հետաձգման, վարկային արձակուրդների մասին է։ Վարչապետ Միխայիլ Միշուստինին նամակ է ուղարկել ձեռներեցների իրավունքների պաշտպանության գործերով հանձնակատար Բորիս Տիտովը։ Այս մասին գրում է ՌԲԿ կայքը՝ հղում անելով փաստաթղթի տեքստին։
360tv.ru-ի հաղորդմամբ, բիզնես օմբուդսմենը նշել է, որ ռուսական ընկերությունների 67 տոկոսն ապրանքների և ծառայությունների պահանջարկի անկում է արձանագրել: Ըստ Տիտովի, սնանկությունների ալիքի վտանգ կա: Հետագա տնտեսական ակտիվությունը նույնպես կնվազի:
Օմբուդսմենը կարծում է, որ մինչև 2021 թվականի ավարտը անհրաժեշտ է երկարաձգել հարկերի և վճարների վճարման հետաձգումները, որոնք սահմանվել են փոքր և միջին բիզնեսի համար:
Հետաձգումը պետք է տարածվի նաև այն ձեռնարկությունների վրա, որոնք ընդգրկված չեն ցուցակում։ Այն պետք է տրվի նրանց, որոնք կորցրել են իրենց եկամտի 30% -ը 2020-ի երկրորդ և երրորդ եռամսյակներում՝ 2019-ի չորրորդ եռամսյակի և 2020-ի առաջին եռամսյակի համեմատ:
Փոքր և միջին բիզնեսի համար վարկային արձակուրդը, ինչպես նշել է օմբուդսմենը, նույնպես պետք է երկարացվի երեքից վեց ամսով, ինչպես նաև սնանկացման մորատորիում նման ձեռնարկությունների համար: Որպես այլընտրանք՝ Տիտովն առաջարկել է սնանկության պարզեցված ընթացակարգ այն ձեռնարկատերերի համար, որոնք տուժել են COVID-19 համաճարակի հետևանքներից: