Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում թթվածնի կայան է գործարկվել. Մադոյան
«Ձևավորվել է ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, որի գործառույթների մեջ է մտնում ոչ միայն ինֆեկցիոն հիվանդությունների բուժումը, այլ նաև որոշ հիվանդությունների վերացման մեթոդների մշակումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Հովհաննես Մադոյանը՝ անդրադառնալով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի և «ՁԻԱՀ կանխարգելման» կենտրոնի միավորման արդյունքում ձևավորված կենտրոնի անելիքներին։
Նրա խոսքով, այդ համատեքստում շատ կարևոր է, որ երկու բժշկական հաստատությունները միավորվել են։ Ըստ Հովհաննես Մադոյանի, արդեն ուրվագծված են որոշ ուղղություններ, որոնց շուրջ աշխատանքներ են տարվելու։
«Արդեն հեպատիտ C-ի էլիմինացիայի ծրագրում ենք իրականացնում, բացի այդ, մորից երեխային ՄԻԱՎ-ի, հեպատիտ B-ի և սիֆիլիսի փոխանցման կանխարգելմանն ուղղված միջոցառումներ ենք իրականացնելու։ Հայաստանը՝ մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման առումով լուրջ հաջողությունների է հասել, և այդ փորձը մենք տարածելու ենք նաև այլ վարակների վրա»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ նշանակումից հետո իր անձի շուրջ աղմուկ էր բարձրացել, Հովհաննես Մադոյանն արձագանքեց՝ նշելով, որ չի ցանկանա իր մասին որևէ բան խոսել։
«Այնուամենայնիվ, աղմուկ բարձրացնողը ցանկացած պարագայում կբարձրացնի։ Իմ կենսագրությունը բավականին թափանցիկ է, ֆեյսբուքյան իմ էջում բոլոր աշխատատեղերս նշված են, ժամկետների մասին ինֆորմացիա ևս կա։ Մարդիկ, որոնք իմ մասին ապատեղեկատվություն էին տարածում, երևի ամենալավը գիտեն իմ կենսագրությունը։ Ես կասեմ, որ պատահական մարդ չեմ այս ոլորտում։ Իսկ «Նորք» ինֆեկցիոնի աշխատողներն իրենց բժիշկներին վայել են պահել, միանգամից դրսևորվել են աշխատանքային հարաբերություններ։ Հենց առաջին րոպեից մենք սկսել ենք քննարկել, թե ինչպես պետք է աշխատանքները ծավալենք։ Այսինքն՝ ցանկացած շահարկում լրիվ անիմաստ էր»,- նշեց նա։
Հարցին, թե 2015-2019 թվականների ընթացքում Հայաստանում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման քանի՞ դեպք է գրանցվել, Հովհաննես Մադոյանը պատասխանեց՝ կոնկրետ թիվ չի կարող ասել.
«Հայաստանը ՄԱԿ-ի կողմից համարվում է օրինակելի երկիր՝ մորից զավակին ՄԻԱՎ-ի փոխանցման թվերի առումով։ Հարցն այն է, որ ամեն տարի երկիրը պետք է այդ նվաճումը վերահաստատի։ Այս պահին ԱՀԿ-ն դիտարկում է 2018 թվականի գրանցված մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման դեպքերը։ Երկիրը պետք է յուրաքանչյուր դեպքի համար բացատրություն տա։ Հիմա ԱՀԿ-ն դիտարկում է 2018 թվականին արձանագրած երկու դեպքերը։ Բայց դեռ որոշում չկա։ Կարող է և լինել որոշում՝ որոշակի նախապայմաններով, թեև չեմ կարծում, որ այդպես լինի։ Բայց եթե որոշակի կազմակերպչական խնդիրներ են եղել, ապա պետք է դրանք վերանայվեն և կարգավորվեն»։
Բանախոսը տեղեկացրեց նաև, որ այսօր ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում թթվածնի կայան է գործարկվել, և արդեն այնտեղից պացիենտները թթվածին կստանան։
Նա նշեց, որ նախատեսվում է ինֆեկցիոն հիվանդանոցի նոր մասնաշենք, լաբորատոր մասնաշենք ևս առաջիկայում կկառուցվի։
Հովհաննես Մադոյանը հույս հայտնեց, որ հաջորդ տարի արդեն կսկսվեն շինարարական աշխատանքները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա