8 տոկոս եկամտաբերություն ապահովող կառավարչին՝ 10 տոկոս պարգևատրում
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նիստում ներկայացնելով ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 771-Լ՝ Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրի մասին որոշման մեջ փոփոխություն կատարելու հարցը՝ նշեց, որ երկար քննարկումների արդյունքում են եկել ֆոնդի գործողության կանոնների վերանայման անհրաժեշտությանը:
Նախարարը հայտնեց՝ գործող կարգավորումներով նախատեսվում է, որ ֆոնդը կարող է մասնակցել այնպիսի ներդրումային ծրագրերի, որոնցում կառավարության մասնակցության չափը չի կարող լինել 1 մլն դոլարից պակաս, և ավելի, քան 2 մլն դոլարը:
Տիգրան Խաչատյանի խոսքով, մասնավոր հատվածի հետ Ֆոնդի կառավարչի քննարկումները վկայում են՝ բազմաթիվ դեպքեր կան, որ գումարի մի փոքր բարձր կամ ցածր լինելու դեպքում կառավարությունը կարող է էապես ավելի մեծ մասնակցություն ցուցաբերել պոտենցիալ ունեցող ներդրումների առաջընթացին:
Վերջինս առաջարկեց, որ ներդրումների չափը 1-2 մլն դոլարի փոխարեն՝ կազմի կես միլիոնից մինչև 4 մլն դոլարի սահմաններում:
Նրա խոսքով, մեկ այլ փոփոխությամբ՝ կառավարությունը ֆոնդում կունենա 10 տարվա ժամկետային սահմանափակ մասնակցություն, որի առաջին 5 տարում ֆոնդի կառավարիչն իրավունք կունենա ակտիվ ներդրումներ իրականացնել, իսկ հաջորդ 5 տարին նախատեսված կլինի պետության մասնաբաժնի վերադարձման համար:
Ըստ էկոնոմիկայի նախարարի, նախատեսված է, որ ֆոնդի կառավարիչը գործունեության ողջ ժամանակահատվածի համար պետք է ապահովի կառավարության հատկացրած գումարների համար սպասվող առնվազն 8 տոկոս եկամտաբերություն:
Այդ եկամտաբերությունը ապահովելու դեպքում ֆոնդի կառավարիչը կստանա պարգևավճար՝ գերազանցող գումարի 10 տոկոսի չափով, որը կվճարվի իր մասնաբաժինների մարման ժամանակահատվածում:
Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ այն իրականացվելիք ամենամասշտաբային հակաճգնաժամային ծրագրերից մեկն է, որի շրջանակներում պետությունն իր պատրաստակամությունն է հայտնել մինչև 50 մլրդ դրամ ներդրումների միջոցով աջակցել մասնավոր հատվածի այն ներդրումային նախաձեռնություններին, որոնք առանց Կառավարության աջակցության դժվարություններ կունենային մեկնարկի և առաջընթացի հարցում:
Նրա ներկայացմամբ՝ պետությունն առավելագույնը ֆինանսավորում է ծրագրի 25 տոկոսը, մյուս 25 տոկոսը ֆինանսավորում է ներդրողը, իսկ 50 տոկոսը՝ ֆինանսական կազմակերպությունը (բանկերը):
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը առաջարկեց ժամկետերի սահմանափակում կիրառել ներդրողի կողմից կատարվող ներդրումների համար՝ սահմանելով, որ նրա ներդումները պետք է արված լինեն վերջին մեկ տարում: Վերջինս հիմնավորեց, որ հակառակ դեպքում կֆինանսավորվի՝ օրինակ 10 տարվա վաղեմությամբ սկսված ծրագրերը և այն չի խթանի նոր ներդրումներին:
Կառավարությունը ընդունեց որոշումը, բայց փոխվարչապետ Տիգրան Ավինյանն հանձնարարեց Մհեր Գրիգորյանի առաջարկներն առանձին շրջանառել շահագրգիռ մարմինների մեջ: