Մարդկանց մահվան պատճառ դարձած օղում առկա մեթիլ սպիրտի տոկոսը գերազանցել է թույլատրելի չափաքանակը
Սեպտեմբերի 1-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները, լաբորատոր փորձաքննության նպատակով, նմուշառում էին կատարել 11 մարդու մահվան պատճառ դարձած տնայնագործ պայմաններում պատրաստված օղու բռնագրավված խմբաքանակից:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հաղորդմամբ, փորձաքննությունը հաստատել է թունավորման ախտանիշներով պայմանավորված նախնական վարկածը, այն է՝ օղիում առկա է մեթիլ սպիրտ, որի տոկոսը բազմակի անգամ գերազանցում է ԵԱՏՄ կանոնակարգերով հաստատված առավելագույն թույլատրելի չափաքանակը:
ՍԱՏՄ-ն ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ անհայտ ծագման ոգելից խմիչքներ օգտագործելուց և հիշեցնում, որ անհայտ ծագման խմիչքների շրջանառությունն արգելվում է։
Քննչական կոմիտեից էլ հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում՝ Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում՝ ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղում կատարված լաբորատոր փորձաքննության արդյունքների համաձայն՝ ներկայացված նմուշում հայտնաբերվել է մեթանոլ տեսակի սպիրտի բարձր քանակություն:
Ավելի վաղ տեղեկացրել էին, որ նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով կատարված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է երեք անձ:
Նախաքննությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
- Ալկոհոլային թունավորումից տուժածների քարտեզն ընդլայնվում է
- Ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք է արձանագրվել
- ԱՆ. Հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային թունավորման 23 դեպք
- ԱԻՆ-ն ալկոհոլից թունավորվածների անուններ է հրապարակել
- Բոլոր տուժածներն օգտագործել են ոչ գործարանային արտադրության օղի. ԱՆ
- ՍԱՊԾ. Արմավիրում մարդկանց մահվան պատճառ դարձած օղին լաբորատոր փորձաքննության կենթարկվի
- ՔԿ. Այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են ձեռք բերել Արմավիրի բնակիչ Աշոտ Հովսեփյանից, չօգտագործել այն
- Նախնական ախտորոշմամբ, ալկոհոլային թունավորումից 11 քաղաքացի է մահացել․ ԱՆ