Կարելի՞ է ընտանիքներին բաժանել կորոնավիրուսի պատճառով. բողոքի ակցիա
ՀՀ-ում ՌԴ դեսպանության, ԱԳ նախարարության, կառավարության դիմաց տարբեր օրերին բողոքի ակցիաներ իրականացնող Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիներն այսօր հավաքվել են Ազգային ժողովի դիմաց։
Նշենք, որ ԱԺ-ում այժմ արտահերթ նիստ է, օրակարգում է կարանտին սահմանելու օրենսդրական փաթեթը։
Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ իրենք այստեղ տուն չունեն, մեծամասնության ընտանիքները ՌԴ-ում են, եկել են, կորոնավիրուսի պատճառով չեն կարողնում հետ վերադառնալ.
«Խնդրում ենք նախարարներին, ովքեր իրավասու են մեզ օգնելու, թող օգնեն գնանք, հասնենք մեր ընտանիքներին։ Թոշակառու եմ։ Իսկ թոշակառուն այստեղ ո՞նց պետք է ապրի։ Հիմա վարձով եմ այստեղ ապրում։ Մենք անդունդի եզրին կանգնած մարդիկ ենք՝ ոչ առաջ կարող ենք գնալ, ոչ հետ։ Թող կառավարությունը մեզ օգնի, մի բան անի, ճանապարհ բացի, գնանք հասնենք մեր ընտանիքներին։Մի կերպ եմ գոյատևել այս ամիսների ընթացքում։ Ես Ռուսաստանում աշխատում եմ, ապրում եմ։ Այստեղ ինձ ո՞վ աշխատանք կտա։ Այսօր երիտասարդ աղջիկներն աշխատանք չեն կարողանում գտնել, թոշակառուին ո՞վ կընդունի, ո՞վ է հաշվի տեղ դնում։
Թոշակառուին թող այս ընթացքում ավելի փող տային, եթե այդքան լավ պահում են։ Ողորմելի թոշակով՝ 35 հազար ես եմ ստանում, 45 հազար՝ ամուսինս, այսքան փողը նույնիսկ տան վարձ չենք կարող տալ։ Այստեղ ապրելու իմաստը ո՞րն է։ Մարդը մի կյանք է ապրում, ուզում է ապրի այնպես, ինչպես ուզում է։Հայաստանն ամենալավ երկիրն է, բայց հանգամանքներից ելնելով չենք կարող այստեղ ապրել։ Խնդրում ենք, պահանջում ենք, որ այս հարցը լուծեն»։
Նա նշեց, որ կան երիտասարդ ընտանիքներ, որոնք բաժանված են այսքան ամիս՝ կինն է այստեղ, ամուսինը՝ այնտեղ կամ հակառակը. «Այս հոգեվիճակն ավելի ծանր վիճա՞կ չի։ Կարելի՞ է ընտանիքներին բաժանել կորոնավիրուսի պատճառով»։
Մեկ այլ բողոքող ասաց, որ 6 ամիս Հայաստանում է, աշխատանք չի գտնում. «Ապրելու հնարավորություն չեմ տեսնում այստեղ, մի բան անեն ու մեզ ճանապարհեն»։
Բողոքող քաղաքացիները հիշեցրեցին՝ օգոստոսի 12-ից սկսել են ակցիաներ, ոչ մի հստակ պատասխան չեն ստացել, իսկ այստեղ հավաքել են՝ ակնկալելով, որ պատգամավորներ իջնեն ու հստակ պատասխաններ տան, հստակ լուծումներ՝ քաղաքացիների խնդիրները լուծելու համար։
Բողոքող քաղաքացիների հետ հանդիպեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա նախ նշեց, որ բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ գտնվում են ՌԴ-ում իրենց անձնական մեքենաներով, չեն կարողանում վերադառնալ հայրենիք։ Չարտերային չվերթներով կարող են գալ, բայց մեքենաները թողնելու տեղ չունեն։ Պատգամավորն ասաց, որ դիմել էր հատուկ թույլտվություն Վրաստանից խնդրել, շարասյունով մեքենաները գան Հայաստան, սակայն այդ առաջարկը մերժվել է։ Երկու տարբերակ է առաջարկվել՝ ավտոբուսներով գալ, երկրորդ՝ մեքենաները քարշակներով բերել, ինչը ծախսատար է։
Ինչ վերաբերում է այս կողմից բացելուն, Էդմոն Մարուքյանն ասաց, որ դրա մասին խոսակցություն չկա։ Ըստ նրա, նախկինում խոսակցություն է եղել ՀՀ-ում արտակարգ դրությունը վերացնելու հետո, սակայն երբ դադարի արտակարգ դրությունը, պետք է հայտարարվի կարանտին։
«Մեր մտավախությունն այն է, որ այս կարանտինի ուղերձը լինի ավելի խիստ, անհասկանալի ու սահմանները շարունակաբար չբացեն, որովհետև շատ դժվար է լինելու բացատրել, որ արտակարգ դրությունից ավելի մեղմ ռեժիմի մեջ ենք մտնելու, որի անունը կարանտին է, հայտարավելու է ողջ տարածքում»,- ասաց Է.Մարուքյանը։
Պատգամավորը նշեց, որ երկկողմանի պրոբլեմ է, պետք է լինի զբաղվող իշխանություն, զբաղի ու խնդիրները լուծի։ Ըստ նրա, եթե բանակցություններ տարվեին ՌԴ հետ, կբացվեր, գոնե մի բան կլիներ։
«Ես մտածում եմ, որ եթե մեր վարչապետը զանգի Վրաստանի վարչապետին ու ասի՝ Հայաստանի պետհամարանիշներով 50 մեքենա կա, մեր ոստիկանությունը կգա, կուղեցի սահմանից մինչև ՀՀ սահման, թողեք գան, հարց չկա։ Բայց զանգե՞լ են։ Չեն զանգել։ Ես զանգել եմ, ասել են՝ հանձնարարել ենք, ՀՀ դեսպանատունը դիմել է, ասել են՝ մեր օրենքին հակասում է։ Այնքան բան է օրենքներով հակասում։ Բայց եթե բանակցում են, լինում է, էլի։ Հիմա Վրաստանի հետ ջերմ, եղբայրական հարաբերություններ ունեն։ Ինչի՞ դա չի արվում։
Ռուսաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ Վրաստանի հետ, բայց կարողացավ այնպես անել, որ իր քաղաքացիներին Բագրատաշենից ավտոբուսներով տանել Լարս։ Հիմա բանակցելու վրա է, բանակցեք, արեք»,- ասաց Էդմոն Մարուքյանը։
Նա նշեց, որ շարունակաբար կզբաղվեն այս հարցով։
Հարակից հրապարակումներ`
- «Համավարակը կանցնի, ամեն ինչ կլինի։ Այ քեզ բան։ Ողջամիտ». ԱԳ նախարարը՝ բողոքող քաղաքացիներին
- «Մեզ թվում է, որ չեն բանակցում». բողոքում են ՌԴ գնալ ցանկացող քաղաքացիները
- Եթե ինքը վարչապետ եղավ, իմ որդին չի ծառայելու․ Բողոքող քաղաքացի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան