Արցախյան բուսական թեյերի շարքում նոր արտադրատեսակ է ավելացել
Արցախում պատրաստվող «Լեռնային ծաղիկներ» անվամբ բուսական թեյն արտադրվում է 2020 թվականի հունիսից, Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Լեռնային ծաղիկներ» բուսական թեյերի հիմնադիր Արմինե Արզանգուլյանն ասել է, որ խոտաբույսերը հավաքում են Դիզափայտից, Քիրսից, մի մասն էլ՝ Թաղավարդի անտառներից:
«Հավաքում ենք տարբեր համերի և օգտակարության խոտաբույսեր, այնուհետև դրանք ավանդական ձևով չորացնում, որից հետո փաթեթավորում: Ի դեպ, խոտաբույսերի համադրելիության վերաբերյալ նախապես խորհրդակցել ենք դեղագործի հետ: Թեյերի գները տարբեր են՝ 650-2000 դրամ արժողությամբ. տարողությունը՝ 30 գրամ: Առայժմ սպառումն իրականացնում ենք պատվերների և մեր ֆեյսբուքյան էջի միջոցով»,-ասել է նա՝ նշելով, որ արցախյան թեյերը մեծ պահանջարկ ունեն սպառողների շրջանում:
Նա տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսում են ընդլայնել թեյերի տեսականին և արտահանել: Հետագայում նախատեսում են նաև չրերի արտադրություն և վաճառք: