Դավիթ Տոնոյան. ՀՀ-ն մշտապես հանդես է եկել միջազգային իրավունքի նորմերի հավասար կիրառման օգտին
«Պետությունների միջև վեճերի ու տարաձայնությունների կարգավորման հիմք պետք է լինեն բացառապես խաղաղ բանակցությունները, որոնք հիմնված են ներքին գործերին չխառնվելու սկզբունքների վրա»,-ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում ԱՊՀ, Շանհայան համագործակցության կազմակերպության /ՇՀԿ/ և ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստի ընթացքում ունեցած ելույթում, որը վերաբերել է միջազգային և տարածաշրջանային անվտանգության, պատերազմների ու զինված ընդհարումների հրահրման սպառնալիքի կանխարգելման, ինչպես նաև արդի պայմաններում ռազմական համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերի համախմբմանը։
Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես հանդես է եկել միջազգային իրավունքի նորմերի հավասար կիրառման օգտին՝ և ազատ ընտրության, և խելամիտ գլոբալիզացիայի, և միջազգային անվտանգության ճարտարապետության, որը հիմնված է ուժի դիրքերից քաղաքականությունից և առավելապաշտական մոտցումներից, ատելության հռետորաբանությունից ու ռազմատենչ հայտարարություններից հրաժարվելու վրա:
Դավիթ Տոնոյանի խոսքով, տարածաշրջանային հակամարտությունները ռազմական լուծում չունեն, և Հայաստանի համար անընդունելի են ոչ ռազմական հռետորաբանությունը, ոչ տվյալ հակամարտություններում նոր պետությունների ներգրավման փորձերը՝ տարածաշրջանում իրավիճակի հետագա սրմամբ:
Նախարարն ասել է, որ տարածաշրջանում Ռուսաստանի ներկայությունը, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական համագործակցության խորացումը տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանմանը նպաստող ամենակարևոր կանխարգելիչ գործոնն է:
Դավիթ Տոնոյանի խոսքով, մտահոգությամբ են նշում վերջին շրջանում միջպետական հարաբերություններում լարվածության սրումը, հակամարտության գոտիների նկատելի ընդլայնումը առաջին հերթին էթնիկ և դավանանքային հիմքերով: Միևնույն ժամանակ, ըստ նախարարի, աշխարհը դարձել է ավելի փոխկապակցված, որոշակի տարածաշրջանում ցանկացած անկայունություն հղի է բացասական հետևանքներով ամբողջ աշխարհում:
«Այլ կերպ ասած, ժամանակակից պայմաններում տարածաշրջանային անվտանգությունը չի կարող ապահովվել «ինքնավար»` առկա գլոբալ անվտանգության համակարգի շրջանակներից դուրս: Տարածաշրջանային որևէ խնդրի սրացումն ուղղակիորեն ազդում է միջազգային անվտանգության վրա: Սա վերաբերում է ոչ միայն ռազմաքաղաքական խնդիրներին, այլ նաև համաճարակին, որը, ինչպես ցույց է տվել երկրների մեծամասնության փորձը, վերաճել է ընդհանուր անվտանգության խնդրի»,- նշել է Դավիթ Տոնոյանը։
Նախարարն ասել է, որ միջազգային հանրության հիմնական խնդիրն է ստեղծել կայուն աշխարհ, ինչը հնարավոր է միայն բոլոր կողմերի՝ իրենց միջազգային պարտավորությունները բարեխղճորեն և անսասան պահելու, ինչպես նաև կոլեկտիվ սկզբունքները, առաջին հերթին ՄԱԿ-ի մեխանիզմները ամրապնդելու պայմանով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում