Երևանի կոնյակի գործարանը պատրաստ է մթերել ոչ ավելի քան 25 000 տոննա խաղող
Երևանի կոնյակի գործարանն այս տարի ավելի քիչ խաղող կմթերի։ Նախորդ տարի 29 հազար տոննա խաղող մթերած ընկերությունն այս տարի պատրաստ է մթերել ոչ ավելի քան 25 000 տ։
Գործարանից Panorama.am-ին հայտնեցին՝ պատճառը ֆինանստանտեսական խնդիրներն են, միաժամանկ վստահեցրեցին, որ խաղողագործների հետ կնքված պայմանգրերում առկա ծավալներն ամբողջությամբ մթերելու են, այս պահին աշխատում են պայմանգրերի հավելվածների վրա։
«Սահմանակից Բերդ քաղաքում ԵԿԳ-ն կգնի ամբողջ բերքը, որն առաջարկում են պայմանագրային խաղողագործները: Հաշվի առնելով հակահամաճարակային պահանջները՝ ԵԿԳ-ն այժմ ավարտին է հասցնում անվտանգ գնումների կազմակերպման համար անհրաժեշտ աշխատանքները»,-հայտնում են ընկերությունից ու ավելացնում՝ գալիք օրերին կհայտարարվի մթերման մեկնարկի օրը:
Չնայած զգալի տնտեսական մարտահրավերներին՝ Երևանի կոնյակի գործարանն այս տարի բարձրացրել է մթերման գինը և 1կգ-ի դիմաց կվճարի 155 դրամ, ինչը 5 դրամով ավելի է նախորդ տարվա գնից:
Մթերման գները ներկայացվել են բոլոր հետաքրքրված կողմերին սկսած 2020 թվ.-ի ապրիլից՝ պայմանագրերի կնքման պահից: Ինչպես և նախորդ տարիներին, ԵԿԳ-ի բոլոր մասնաճյուղերի համար կգործի մեկ միասնական գին՝ ներառյալ Բերդի մասնաճյուղը:
Վճարումները կիրականացվեն խաղողը հանձնելուց հետո 3-4 բանկային օրվա ընթացքում:
Նշենք, որ համաձայն ԵԿԳ-ի կողմից տարիներ շարունակ վարած քաղաքականությանը սահմանված գինը կգործի ընկերության կողմից ամբողջ մթերվող խաղողի համար և չի տատանվի կախված շաքարայնությունից:
«Երևանի կոնյակի գործարանը հայտարարում է մթերման գինը բացառապես իր ձեռնարկության համար և պատասխանատվություն չի կրում այլ շահարկումային բնույթի հայտարարությունների համար»,-նշում են ընկերությունից։
Հիշեցնենք, որ երեկ Արարատի մազրի մի քանի գյուղերի այգեգործներ փակել էին միջպետական ճանապարհը՝ դժգոհելով, որ Երևանի կոնյակի գործարանը վերանայում է պայմանագրերը՝ կիսով չափ կրճատելով պայմանագրերով նախատեսված մթերման ենթակա բերքի ծավալը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան