Այս կառավարության խնդիրն է կարանտինը, ձեզ տուգանելը, նոր տուգանքներ մտածելը. Վահան Բաբայան
«Շատերն ասում են՝ Հայաստանում սկսվում է թեժ աշուն։ Ես համաձայն չեմ։ Այսօրվա մեր ակցիայով Հայաստանում սկսվում է Հայաստանի քաղաքական գարունը»,- Մատենադարանի հարակից տարածքում կազմակերպված հանրահավաքում ասաց Ռեֆորմիստների կուսակցություն հիմնադիր նախագահ Վահան Բաբայանը։
Նա նշեց՝ սա քայլ է, որ ընդդիմադիր ուժերը վերջիվերջո կարողանան համախմբվել, ամբիցիաները դնեն մի կողմ, եթե այսպես շարունակվի, ամեն մեկն իր կուսակցությունով, չեն կարողանա հարցը լուծել, հարց լուծողը կմնա Նիկոլ Փաշինյանը։
«Թե Նիկոլ Փաշինյանն ինչեր է արել, ինչ իրավիճակ է ստեղծել Հայաստանում, ինչ աղետալի վիճակում է մեր երկիրը, բոլորդ գիտեք։ Այսօր մենք չենք եկել այստեղ պատմելու, թե ինչ խոստումներ չի կատարել, ինձանից լավ գիտեք, չենք եկել ներկայացնելու, թե մեր կառավարությունում ինչքան անփորձ, անպիտան մարդիկ են աշխատում, որոնք գրեթե բոլոր ոլորտները տապալել են։ Մենք եկել ենք առաջարկելու, փոխելու։ Մենք չենք ուզում նոր ատելության շարժում։ Մենք չենք պատրաստվում մարդկանց հայհոյել, վիրավորել, մենք պատրաստվում ենք բերել համերաշխություն, որովհետև Հայաստանը ճանապարհ չունի ատելության մեջ։ Հայաստանի միակ ճանապարհը համերաշխությունն է, միասնությունը, հաղթանակը։ Մենք այլ ճանապարհ չունենք։ Շատերը վախենում են մասնակցել նմանատիպ հավաքներին, վախենում են աշխատանքից կհեռացնեն, խնդիրներ կունենան։ Վստահեցնում եմ՝ Հայաստանի արժանապատիվ քաղաքացուն որևէ մեկը չի կարող վնասել, բոլորս միասնական սկսում ենք այս պայքարը, միասնական ավարտելու ենք»,- հայտարարեց Վահան Բաբայանը։
Ըստ նրա, շանս կա ապրելու ավելի լավ երկրում, պետք է օգտվել այդ շանսից։
«Այս կառավարության խնդիրը չէ ձեր կյանքը լավացնելը, այս կառավարության խնդիրը կարանտինն է, ձեզ տուգանելն է, նոր տուգանքներ մտածելը»,- ասաց նա։
Նա առաջարկեց այս ակցիան ավարատել Հանրապետության հրապարակում՝ այն նույն վայրում, «որտեղ Նիկոլ Փաշինյանը երկու տարի առաջ խաբեց ժողովրդին»։
«Մեր ակցիան կավարտենք կարմիր քարտով՝ Նիկոլ Փաշինյանին, վերջնական և կհայտարարենք իրական քաղաքական գարնան սկիզբ»,- ասաց նա։
Ռեֆորմիստների կուսակցության կողմից կազմակերպված հավաքի մասնակիցները երթով՝ Մաշտոց-Ամիրյան երթուղով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ՝ պարբերաբար գոռալով «Նիկոլ խաբեբա», «Նիկոլ՝ գնա, գնա, գնա», «Նիկոլ, հեռացիր»։
Լրագրողների հետ զրույցում Վահան Բաբայանն ասաց, որ լուրջ քաղաքական պայքարի են պատրաստվում։