Վրաստանում երկարաձգել են հյուրանոցատերերին աջակցության ծրագրերը
Վրաստանի իշխանությունները որոշել են երկարաձգել փոքր ու միջին հյուրանոցների տերերին ուղղված աջակցության ծրագրերը, որոնք մեկնարկել էին կորոնավիրուսի համավարակի համատեքստում։
«Գրուզիա օնլայն»-ը գրում է, որ Վրաստանի զբոսաշրջային ոլորտը, որում զբաղված է մոտ 150 հազար մարդ, առավել շատ է տուժել համավարակի հետևանքով։ Ոլորտին աջակցելու համար Վրաստանի իշխանությունները մոբիլիզացրել են 200 մլն լարի, որը համարժեք է 65.1 մլն դոլարին։
Ծրագրերից մեկն էլ ուղղված էր հյուրանոցների տերերի՝ վարկերի տոկոսադրույքների ամենամսյա ֆինանսավորմանը։ Անցած վեց ամիսների ընթացքում պետությունը ֆինանսավորել է վարկերի տոկոսադրույքների մինչև 80 տոկոսը։ Համաձայն նոր որոշման, ծրագիրը կշարունակվի մինչև 12 ամիս։
Վրաստանի գործադիր մարմնում կարծում են, որ աջակցության շնորհիվ հյուրանոցային բիզնեսը կարող է միջոցներ ապահովել շրջանառության համար, ինչպես նաև պահպանել աշխատատեղերը։