Ո՞ր դեպքում և ո՞ւմ կողմից է հայտարարվելու կարանտին
«Այս փաթեթն ուղղված է համաճարակի դեմ պայքարին՝ նաև արտակարգ դրության ավարտից հետո»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը՝ ներկայացնելով «Արտակարգ իրավիճակի պայմաններում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
Օրենքների փաթեթը մշակվել է Առողջապահության և Արդարադատության նախարարությունների կողմից։
Նրա խոսքով, նոր գործիքակազմ է պետք, որպեսզի համաճարակի դեմ պայքար մղվի նաև արտակարգ դրության իրավական ռեժիմից դուրս։ Ըստ փոխնախարարի, ներկայումս համաճարակային վիճակը բավականին դրական տեղաշարժ ունի, և դա հնարավորություն է տալիս կորոնավիրուսի դեմ պայքարը ծավալել նաև արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո։
Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնաչկության պաշտպանութան մասին» օրենքները լուրջ փոփոխությունների են ենթարկվել.
«Առաջին օրենքում արված փոփոխությունները պայմանավորված են ոչ միայն այս համաճարակով, այլ ընդհանրապես, համաճարակների դեմ պայքարի մասին օրենսդրությունը բարելավելուն։ Իսկ երկրորդն ուղղված է համաճարակի ընթացքում որոշակի միջոցառումներ իրականացնելուն։ Այսինքն՝ տարանջատում է մտցվել սանիտարահամաճարակային միջոցների և հարակից միջոցների միջև»։
Ըստ էության, Ռաֆիկ Գրիգորյանի խոսքով, արտակարգ դրության ավարտից հետո համաճարակի դեմ պայքարն իրականանալու է կարանտին հայտարարելու միջոցով։
«Կարանտին է հայտարարվելու՝ կախված վիրուսի տարածվածությունից։ Կարանտին հայտարարողը մարզպետն է, Երևանի դեպքում համայնքի ղեկավարը և Կառավարությունը։ Այն բոլոր դեպքերում, երբ համաճարակը կընդգրկի երկու կամ ավելի մարզ, կամ ամբողջ երկրում կտարածվի, Կառավարությունը կսահմանի կարանտին։
Բացի այդ նախատեսված են միջոցառումներ։ Կարանտինի սահմանման դեպքում կարող է սահմանվել համաճարակի գոտի մուտք ու ելքի հատուկ ռեժիմ, «Պետական սահմանի մասին» օրենքով կարող է սահմանվել պետական հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում, անձանց ազատ տեղաշարժի իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակում, օբզերվացիա, ինքնամեկուսացում և մեկուսացում։ Օրենքում հստակ ներկայացված են վերոնշյալ միջոցառումների իրականացման մանրամասները։ Նաև կարող է սահմանափակվել հավաքներ իրականացնելու իրավունքը, ապրանքների փոխադրման սահմանափակում, ուսումնական հաստատությունների գործունեության սահմանափակումներ ևս կարող են լինել։ Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ևս կարող են սահմանափակումներ մտցվել։
Նշեմ, որ չի կիրառվելու էլեկտրոնային հսկողության համակարգը, որը սահմանված է արտակարգ դրության ժամանակ։ Չեն կիրառվելու մի շարք միջոցառումներ, օրինակ, իրավաբանական անձանց գործունեության սահմանափակումը՝ որոշակի հիմքով։ Գործունեության դադարեցում կլինի բացառիկ դեպքերում, երբ տվյալ սուբյեկտը հանդիսանա համաճարակի աղբյուր»,- ներկայացրեց փոխնախարարը։
Իսկ մեկուսացման և ինքնամեկուսացման ռեժիմի խախտման համար կիրառվող սանկցիաները համընկնում են այն սանկցիաների հետ, որոնք կիրառվում էին արտակարգ դրության ընթացքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան