ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կարանտին մտցնելու նախագիծը
ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթը։ Փաթեթն ընդունվեց՝ կողմ 70, դեմ 19, ձեռնապահ՝ 0 ձայների հարաբերակցությամբ։ Փաթեթը ներկայացվել էր կառավարության կողմից, մշակումը պայմանավորված է COVID-19 համավարակով:
Նախքան քվեարկությունը՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հայտարարեց, որ իրենց քաղաքական ուժը դեմ է նախագծին:
«Այն շտկումները, որոնք առաջինից երկրորդ ընթերցում հանձնաժողովում կատարվեցին, ըստ էության, ամենակարևորը՝ չփոխեցին նախագծի հիմնական փիլիսոփայությունը, և մենք քվեարկելու ենք դեմ»,- ասաց նա։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ այս նախագիծը, իրոք, էապես բարելավվել է այն առաջարկությունների արդյունքում, որոնք ներկայացվել են պատգամավորի կողմից, նախագիծը պատասխան է տվել բոլոր հարցերին, որոնք առնչվում են քաղաքացու իրավունքների սահմանափակումներին, հնարավորություն է ստեղծել գնալ առաջ։
«Նախագիծը հնարավորություն է ստեղծել մեզ, ըստ էության, դառնալ ավելի հասկանալի ու ընկալելի միջազգային առումով։ Կարևոր առաջընթաց է։ Նախագիծը, իրոք, միակ հնարավոր լուծումն էր ստեղծված իրավիճակում, նախագծի միջոցով հնարավորություն կընձեռվի, որպեսզի մեր միջազգային բանակցային գործընթացի արդյունքում էլի ավելի բարենպաստ վիճակում հայտնվի Հայաստանի քաղաքացին երկրի ներսում և դրսում»,- հայտարարեց նա։
Հիշեցնենք՝ հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նիստի սկզբում հայտնել էր, որ սեպտեմբերի 11-ից հետո նախատեսվում է չերկարացնել արտակարգ դրությունը, սակայն ակնկալվում է համավարակի դեմ պայքարն իրականացնել կարանտին հայտարարելու միջոցով, որը կարող է սահմանվել մինչև վեց ամիս ժամկետով:
Ընդունված նախագծերով սահմանվում են վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման բնագավառում բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները, վարակիչ հիվանդությունների` Հայաստանի տարածք ներբերման (ներթափանցման), դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների, համավարակների առաջացման դեպքում կարանտին սահմանելու, սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված սահմանափակող միջոցառումներ սահմանելու, կիրառելու, ՀՀ տարածքում Միջազգային առողջապահական կանոնների պահանջներն ապահովվելու վերաբերյալ իրավակարգավորումներ: ՀՀ-ում վարակիչ հիվանդությունների առկայության բոլոր դեպքերում (բռնկումներ, համաճարակներ եւ այլն) կկիրառվեն օրենքով սահմանված բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումները:
Կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված միջոցառումների կատարման ապահովման պահանջները խախտելու համար նախատեսվում են շուրջ 11 տուգանքներ՝ համապատասխան չափերով:
Փոխնախարարը հայտնել էր, որ փաթեթի ընդունմամբ հիմնականում պահպանվելու են արտակարգ դրության պայմաններում կիրառվող սահմանափակումների որոշ հատվածներ, էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով անձանց տեղորոշում և այդ կերպ վարակակիրների հայտնաբերում այլևս չի կիրառվելու, այդ համակարգում առկա տվյալներն էլ ոչնչացվելու են: Նախատեսված չէ նաև տնտեսական գործունեություն իրականացնող իրավաբանական անձնաց գործունեության սահմանափակում, սակայն տնտեսական գործունեություն իրականացնող կառույցում բացառիկ դեպքերում կարող է սահմանվել կարանտին՝ պայմանավորված սանիտարահամաճարակային իրավիճակով:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Ամիսներ շարունակ սահմանափակումները շարունակաբար կարող են նույնությամբ պահպանվել
- Տիգրան Ավինյանը կազատվի պարետի պաշտոնից
- ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կարանտին մտցնելու նախագիծը
- «Хотели как лучше, а получилось как всегда». Նաիրա Զոհրաբյանը՝ կառավարությանը
- ԱԺ-ն արտահերթ նիստը սկսվեց նոր պատգամավորով
- Էդմոն Մարուքյան. Հոնքն ուղղելու փոխարեն` աչքն էլ հետը հանում են...
- Անի Սամսոնյան. Վեց ամիս մեզ կկապկպեն տուգանքներով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին