Մարտունիի քաղաքապետը հաստատում է՝ ընտանիքով վարակակիր են
Ֆեյսբուք սոցիալական ցանցում Արմինե Մելքոնյան անունով օգտատերը գրել է․ «Մարտունու քաղաքապետի դստեր 150 հոգանոց նշանդրեքը նոր պատուհաս է մեր մարզի համար։
Նշանդրեքից երկու օր առաջ ջերմող քաղաքապետի կինն ու որդին թեսթ են հանձնել ու անգամ պատասխանին չսպասելով մասնակցել են միջոցառմանը։
Էջմիածինցի կնոջ վատ խաղի հերթական տարբերակը արդեն մարտունեցիքի մարմնավորմամբ։
Նշանդրեքից հետո քաղաքապետը, դարձյալ չսպասելով թեսթի պատասխաններին, քաղաքապետարանի ողջ անձնակազմի հետ գնացել է Արմաղան քեֆի։
Մի խոսքով թեսթը դրական է եկել, Մարտունու քաղաքապետարանը փակ է, իսկ նշանդրեքի մասնակիցները մեկուսացած»։
Panorama.am-ի հետ զրույցում Արմեն Ավետիսյանը նախ հումորով արձագանքեց տարածված լուրերին՝ «պիտի գրեին 450-600 հոգանոց նշանդրեք է եղել, մենք էլ բոլորի ճակատը հերթով պաչել ենք»։
Մարտունիի քաղաքապետն ասաց, դստեր նշանդրեքը տեղի է ունեցել անցած ուրբաթ, ներկա են եղել իր, եղբոր ու փեսայի ընտանիքը՝ ընդհանուր առմամբ մոտ 30 մարդ։
«Տեսագրությունն էլ կա։ Ես սովորաբար սառը ջրով լոգանք եմ ընդունում։ Ուրբաթ օրը լավ չէի զգում, ջերմում էի 37 աստիճան, առավոտյան թեստ հանձնեցի, իսկ նշանդրեքի բոլոր մասնակիցներին ասացի՝ ինձանից հեռու մնացեք, թեստ եմ հանձնել։ Թեստի պատասխանը եկել է դրական, հիմա իմ, եղբորս ու փեսայիս ընտանիքը վարակված են, մի քանի ջահել են եղել, ոչ մի ախտանիշ չունեն»,-ասաց Ավետիսյանը։
Նա հերքում է այն տեղեկությունը, թե քաղաքապետարանի աշխատակիցների հետ քեֆի է գնացել։
Պարետատան որոշմամբ, անցած երկուշաբթի օրվանից Մարտունիի քաղաքապետարանը փակ է։
Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից Panorama.am-ին հայտնեցին, որ քաղաքապետարանի 34 աշխատակիցներ այս պահին ինքնամեկուսացման մեջ են, որևէ մեկի մոտ ախտանշան չկա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան