Մենք ունենք կադրային, մտավոր և նյութական այն ռեսուրսը, որով կարող ենք կազմակերպել ցանկացած գործընթաց․ Վանեցյան
Այսօր «Հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակում կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են խորհրդի անդամներն ու մարզային կառույցների ղեկավարները։ Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։
Ողջունելով ներկաներին՝ Արթուր Վանեցյանը նկատել է, որ մարզային կառույցներն ու «Հայրենիք»-ի շարքերը համալրող քաղաքացիներն օր օրի ավելանում են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Նույնը փաստել են նաև մարզային գրասենյակների ղեկավարները։
«Այսօր «Հայրենիք»-ը կուսակցաշինական եռուն փուլում է։ Մենք ունենք թե՛ կադրային, թե՛ մտավոր և թե՛ նյութական այն ռեսուրսը, որով կարող ենք կազմակերպել ցանկացած գործընթաց»,-նշել է Ա. Վանեցյանը։
Անդրադառնալով քաղաքական գործընթացներին՝ «Հայրենիք»-ի ղեկավարն ասել է, որ իր ղեկավարած քաղաքական ուժն այսօր ունի մեկ օրակարգ՝ «օր առաջ ազատվել ապաշնորհ իշխանություններից»։
«Նրանց՝ երկրի ղեկին մնալու ցանկացած ավել օր լրջագույն սպառնալիք է մեր պետության համար»,-ընդգծել է Ա Վանեցյանը։
Մարզային կառույցների ղեկավարները հետաքրքրվեցին, թե ինչպես է Արթուր Վանեցյանը գնահատում գործող իշխանությունների վարկանիշն ու ժողովրդի տրամադրությունները։
«Գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այսօր ունեն համակիրների վտանգավոր ու ագրեսիվ փոքր բանակ և մի ստվար զանգված, որը չի ցանկանում ընդունել, որ սխալվել է՝ իշխանության բերելով այս ձախողակ կառավարությանը»,-պատասխանել է Վանեցյանը։
Խոսելով ժողովրդի տրամադրությունների մասին՝ «Հայրենիք»-ի ղեկավարը նկատել է, որ օրեցօր էլ ավելի շատ մարդիկ են տագնապի ու անորոշության մեջ հայտնվում, չեն հասկանում՝ ինչ է կատարվում այսօր, ինչ անել ու ինչ սպասել վաղը։
«Երկրում խորանում են անորոշությամբ ու հիասթափությամբ պայմանավորված ապատիկ տրամադրությունները, ինչը, որպես կանոն, անհետևանք չի մնում։ Այսօր ասֆալտով պարծենալու ժամանակը չէ, յուրաքանչյուր նոր ասֆալտապատված ճանապարհ մարդկային կորցրած կյանք է։ Հետևաբար բոլոր միջոցները պետք է ուղղվեն կորոնավիրուսի դեմ պայքարին, դրա հետևանքների վերացմանն ու համավարակի երկրորդ ալիքին ընդառաջ հնարավոր ռիսկերի նվազեցմանը»,-ասել է Արթուր Վանեցյանը՝ ընդգծելով, որ այսօր ասֆալտի փոխարեն պետք է խոսվի արտաքին պարտքի մասին, ինչը զգալիորեն ավելացել է, և որի ֆոնին շարունակվում է չհիմնավորված պարգևավճարների շռայլումը։
Անդրադառնալով կրթական չափորոշիչներին՝ Ա. Վանեցյանն ընդգծել է, որ այսօր կառավարությունն այդ ոլորտում էլ է իրարամերժ տեղեկություններ փոխանցում։
«Որևէ մեկին հայտնի չէ՝ ի վերջո, երբվանից ու ինչպես են իրականացվելու, իրենց բնորոշմամբ, կրթական բարեփոխումները, իսկ մեր բնորոշմամբ՝ աղետալի հետևանքներով լի կրթական գործընթացները»,-խոսքն ամփոփել է Արթուր Վանեցյանը՝ կուսակիցներին տեղեկացնելով, որ հանդիպումները դառնալու են էլ ավելի ինտենսիվ ու բազմավեկտոր։
Հարակից հրապարակումներ`
- Համայն հայության ջանքերը պետք է մեկտեղել՝ ընդլայնելու Արցախի անկախության ճանաչման քարտեզը. Վանեցյան
- Վանեցյան. Արցախի վերաբնակեցման ծրագիրն այսօր ավելի քան հրատապ է
- Հանդիպել են Արթուր Վանեցյանը ու Վիտալի Բալասանյանը
- Վանեցյան. Մենք բաց ենք համագործակցության համար արցախցի մեր գործընկերների հետ
- Մենք համերաշխություն ենք բերում Հայաստանին. Արթուր Վանեցյան
- Ոչ մի դեպքում թույլ չտալ ներքին պառակտում և թշնամանք՝ անկախ ընտրությունների արդյունքից. Արթուր Վանեցյան