«Хотели как лучше, а получилось как всегда». Նաիրա Զոհրաբյանը՝ կառավարությանը
«Միջազգային շատ ավելի խիստ՝ «Կարանտին» ձևակերպմամբ մենք լրջագույն խնդիրներ ենք ունենալու սահմանների բացման հետ»,- ԱԺ արտահերթ նիստում քննարկվող «Արտակարգ իրավիճակի պայմաններում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը գնահատեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Վերջինս տեղեկացրեց, որ ԱԺ-ի դիմաց ցույց են անում քաղաքացիները, որոնք ցանկանում են մեկնել իրենց բնակության երկիր՝ ՌԴ, և չեն կարողանում, այդ պատճառով էլ նրանց հետ խզել են աշխատանքային պայմանագրերը: Զոհրաբյանի խոսքով հարցը ներկայացնող արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը որոշակիորեն չպատասխանեց, թե ի վերջո ՀՀ սահմանները բացվելու են, թե ոչ:
«Ես կարծում եմ բերված փաթեթը հայտնի ասացվածքի՝ « Хотели как лучше, а получилось как всегда»-ի համաձայն շատ ավելի խնդիրներ է առաջացնելու, այն հակասում է ՀՀ Սահմանադրության 39, 61, 77 և 80 հոդվածներին»,- նկատեց ԲՀԿ-ի պատգամավորը և հավելեց, որ փաստաթղթում մարդու իրավունքների բազմաթիվ սահմանափակումներ կան, բայց գործադիրի ներկայացուցիչը, մարզպետը կամ քաղաքապետը իր որոշմամբ քաղաքացու իրավունքները սահմանափակելու իրավունք չունի:
Պատգամավորն անընդունելի համարեց, որ առաջարկված նախագծով հնարավորություն է տրվում օրենքով սահմանափակել արտակարգ իրավիճակի վերաբերյալ քաղաքացու տեղեկատվություն ստանալու իրավունքը, ինչպես նաև մասնավոր անձանց փոխհատուցում ստանալու և գույքը կան այլ միջոցները արտակարգ իրավիճակներում օգտագործելու իրավունքները, ինչը հակասում է սեփականության իրավունքի պաշտպանության վերաբերյալ սահմանադրական կարգավորումներին:
Նկատելով, որ նոր նախագծով 20-ից 500 հազար ՀՀ դրամի տուգանքի 11 նոր ձև է առաջարկվում՝ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ նախագիծը մարդու իրավունքների առումով միանշանակ խոցելի է և այն պետք է վերանայվի, քանի որ ավելի է բարդացնելու Հայաստնի քաղաքացու վիճակը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան