ԵՄ-ն Լուկաշենկոյին չի ներառի պատժամիջոցների ցուցակում. Welt
Բելառուսի ընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի ընդգրկվի ԵՄ պատժամիջոցների ցուցակում, առաջին հերթին Գերմանիայի, ինչպես նաև Ֆրանսիայի և Իտալիայի դիրքորոշման պատճառով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ուրբաթ օրը հաղորդել է «Die Welt» թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:
Բեռլինը, Փարիզը և Հռոմը հայտարարել են, որ չնայած բոլոր հանգամանքներին, Լուկաշենկոյի հետ հաղորդակցման ուղիները պետք է բաց լինեն, քանի որ, նրանց կարծիքով, Սև ցուցակում նրա ընդգրկումը կնշանակի Մինսկի հետ երկխոսության լրիվ դադարեցում: Բալթյան երկրները և Լեհաստանն են կողմ Բելառուսի ղեկավարի նկատմամբ սահմանափակող միջոցներ կիրառելուն:
Օգոստոսի կեսերին հայտնի դարձավ, որ Բելառուսում բողոքի ցույցերի կապակցությամբ ԵՄ-ն քննարկում է բելառուսական 15-20 պաշտոնյաների ցուցակ, որոնց համար կարգելվի մուտքը միության տարածք և եվրոպական բանկային համակարգ: Մարդու իրավունքների խախտումների համար Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցներն էին մտցվել նաև 2004-ից 2016 թվականներին, որի ընթացքում սև ցուցակն ընդլայնվում և նվազում էր, երբեմն հասնելով 130 մարդու: 2008-ի սեպտեմբերին Եվրամիությունը սառեցրեց պատժամիջոցները, բայց դրանք վերսկսեց և նույնիսկ խստացրեց հանրապետությունում 2010 թ. Նախագահական ընտրություններից հետո:
Օգոստոսի 27-28-ը Բեռլինում կայացած ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը որոշում կայացվեց հնարավորինս շուտ ավարտել Բելառուսի դեմ պատժամիջոցների ընթացակարգը: