Վրաստանում Սամվել Պետրոսյանը կառաջադրվի «Հայրենասերների դաշինքի» ցուցակով
Վրաստանի խորհրդարանի նախկին, ներկայիս Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավոր Սամվել Պետրոսյանը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Նա կառաջադրվի «Հայրենասերների դաշինք» կուսակցական ցուցակներով:
Jnew-ի հետ հեռախոսազրույցում Սամվել Պետրոսյանը հաստատել է, որ մասնակցելու է Վրաստանում հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
«Այո, ես պատրաստվում եմ առաջադրվել: Ես առաջադրվելու եմ ցուցակով, անպայման պիտի ընտրարշավին մասնակցեմ, որոշում եմ ընդունել և արդեն մի ամսից ավելի է իմ ազգանունը «Հայրենասերների դաշինքի» ցուցակի մեջ կա»,- ասել է Սամվել Պետրոսյանը:
Նա նշել է՝ յուրաքանչուր առաջադրվող վստահ է, որ ընտրություններում ինքն է հաղթելու:
«Հայտնի մի արտահայտություն կա՝ յուրաքանչյուրն արժանի է իր ղեկավարին, եթե ժողովուրդը պիտի ընտրի ղեկավարին, որը թուրքամետ է, ուրեմն ժողովուրդն այդ ճակատագրին է արժանի: Եթե ժողովուրդն ընտրեց, ուրեմն ես կլինեմ պատգամավոր, եթե չէ, ուրեմն տանը կնստեմ: Ես վստահ եմ, որ կեղծարարություններ պետք է լինեն, մենք Շրջանային հանձնաժողով չունենք, այդ հանձնաժողովը զբաղված է կոնկրետ կեղծարարությամբ»,- ասել է Պետրոսյանը:
Սամվել Պետրոսյանը Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է եղել «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմից 2012-2016 թվականներին:
Հարակից հրապարակումներ`
- Հենզել Մկոյանը կմասնակցի Վրաստանի ԱԺ ընտրություններին
- Սամվել Մանուկյանը՝ «Վրացական երազանքի» մեծամասնական թեկնածու