Դպրոցականի դիմակը չարիքի փոքրագույնն է այս ամենի մեջ
Հաշված օրերից կմերկնարկի նոր ուսումնական տարին, սակայն դասապրոցեսի կազմակերպման հետ կապված անորոշությունները ոչ միայն չեն պակասում, այլ օր օրի նոր խնդիրներ են ի հայտ գալիս։
Մինչ ուսուցիչները, ինչ-ինչ պատճառներով, որ ավելի ուշ կհայտնենք, լռում են՝ համակերպվելով նոր կանոններին, ծնողներն անընդհատ բարձրացնում են առկա խնդիրները։
Նրանց հիմնական հարցերն ու դժգոհությունները կապված են դիմակների պարտադիր կրման և դասաժամերի անհամաչափ բաշխման հետ։ Հիշեցնենք, որ նույն տարիքի երեխաների մի մասը դպրոց է հաճախելու երեք օր, մյուս մասը՝ վեց։ Թեև ԿԳՄՍ նախարարությունից վստահեցնում են, որ երեխաներն, այսպես թե այնպես, նույն ծանրաբեռնվածությունն են ունենալու, միևնույն է, ծնողների մի մասը պնդում է՝ երեխան որևէ կերպ չի կարող երեք օրում յուրացնել անհրաժեշտ նյութերը, մյուս մասն էլ՝ դժգոհում է՝ ինչու պետք է երեխան մեկ օր ավելի դպրոց հաճախի՝ զրկվելով իր հանգստյան օրվանից։
«Իրականում դիմակների հետ կապված խնդիր չեմ տեսնում։ Երեխաները գրեթե կես տարի դիմակով են, ու արդեն պետք է սովորած լինեն ճիշտ օգտվել դրանից։ Կարծում եմ, տանը պետք է արդեն երեխային բացատրած լինեն՝ ինչպես պետք է դիմակ դնել։ Բայց այլ խնդիրներ կան։
Օրինակ, կարծում եմ՝ սոցիալական հեռավորություն պահպանելը շատ բարդ է լինելու։ Չէ՞ որ մանկավարժը ինքնին պետք է նպաստի անձի սոցիալականացմանը, իսկ այս դեպքում կարծես լրիվ հակառակ գործընթացն է։ Օրինակ, հիմա ուսուցիչը պետք է երեխային հորդորի, որ մատիտ, գրիչ..., չփոխանցի դասընկերոջը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց դպրոցահասակ երեխաների ծնող Աննա Վարդանյանը։
Սակայն, նա նշեց, որ մտահոգություն ունի կապված երեխաների՝ աթոռներին գամված լինելու հետ, ինչն, իր խոսքով, կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի ֆիզոլոգիայի վրա։
«Հենաշարժողական ապարատը չի զարգանա։ Նախկինում 45 րոպեանոց դասապրոցեսի ընթացքում երեխաները ֆիզկուլտդադար էին անում, իսկ հիմա ոչինչ չեն անելու։ Կարծում եմ, դա շատ վատ կանդրադառնա երեխաների վրա։ Այդ պատճառով, գուցե ավելի ճիշտ կլինի, որ յուրաքանչյուր դասամիջոցի մի դասարան՝ ուսուցչի հսկողությամբ բակ իջնի, որպեսզի երեխաները քայլեն, ցրվեն ու անցնեն հաջորդ դասին»,- նշեց Աննա Վարդանյանը։
Ծնողներից Շուշանիկ Դանիելյանն էլ, մեզ հետ զրույցում ասաց, որ դիմակի հետ կապված խնդիրն ամենափոքրն է, որ կարող է լինել, հատկապես այն դեպքում, երբ դպրոցները, մեծամասամբ, հնարավորություն չունեն պահպանելու այն կանոնները, որոնք սահմանվել են պարետատան կողմից։
«Կարծում եմ, որ այդ սահմանված կանոններից միայն դասասենյակից դուրս չգալն է պահպանվելու։ Աշակերտների 70%-ը, ըստ իս, չունի այն գիտակցությունը, որ պետք է սոցիալական հեռավորություն պահպանի, դիմակին չպետք է դիպչի։ Մնացած ամեն ինչն էլ երեխաներն անելու են։ Ինչ վերաբերում է սանիտարահիգիենիկ պայմաններին, որոնց մասին խոսվում է. մեր դպրոցների մեծ մասում չկան պայմաններ, որ թույլ տան աշակերտներին՝ նվազագույն պահանջները կատարել։ Հասարակ հարց. մինչ այսօր զուգարաններում օճառ չկար, հիմա եթե անգամ դնեն, դա չի ծառայելու նպատակին։ Կամ երեխաները ջուրը բացում են, բոլոր կողմերից շփվում է, երեխաները թրջվում են։ Այդ ամենը պետք է կարգավորեն, նոր պահանջներ ներկայացնեն»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է դիմակին, ապա Շուշանիկ Դանիելյանի խոսքով, դա չարիքի փոքրագույնն է՝ այդ ամենի մեջ.
«Ես մտածում եմ, որ մի տասը հատ դիմակ պետք է կարեմ, վրան համարները ասեղնագործեմ, որ երեխան հերթականությամբ փոխի, հետո բերի տուն, լվանանք, ու այդպես շարունակ։ Երևի միակ տարբերակը դա է»։
Այնուամենայնիվ, ծնողի խոսքով, ավելի լավ է այս պայմաններում երեխաները գնան դպրոց, քան հեռավար դաս անցկացնեն, քանի որ, նրա խոսքով, նախորդ կիսամյակ խայտառակ պայմաններում են անցել հեռավար դասերը, երեխաներն էլ, ինչպես ուզել «ֆռռացրել» են ուսուցիչներին։
«Եթե երեխայի գլխին այդ պահին ծնող չլինի, ապա ոչ մի բան չի սովորի։ Ուսուցչին խաբում են, տարբեր եղանակներով արտագրում, կամ, ուղղակի, իրենց ոչ հարմար պահին կապն անջատում»,- նշեց Շուշանիկ Դանիելյանը։
Ի տարբերություն նրա, երկու երեխաների մայր Շուշան Պապոյանն էլ պնդում է՝ ավելի լավ է երեխաները հեռավար դաս անեին, քան նման պայմաններով դպրոց գնային։
«Ուղղակի պայմանը, որ երեխան հեռավար դաս անի, միայն խնդիր ունեցող երեխաների համար է, հակառակ դեպքում ինքս էլ պետք է դիմում գրեի, որ երեխաներս հեռավար դաս անեին։ Մի քանի ժամ երեխան պետք է դիմակով նստի, դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ դժվար է լինելու։ Բացի այդ, ես մասնագետ չեմ, բայց կարդում եմ տարբեր նյութեր, որ նշվում է՝ երեխան դիմակ դնելով թոքերի խնդիր է ձեռք բերելու։ Որևէ հստակ պարզաբանում չկա նախարարությունից, որ հասկանանք՝ այդպե՞ս է, թե՞՝ ոչ։ Հետո էլ, կան երեխաներ, որ ալերգիկ մաշկ ունեն, քրտնելու դեպքում սկսվում է դեմքը ցանավորվել։ Ո՞նց պետք է այդ երեխաներին ստիպեն՝ դիմակ դնել»,- նեղսրտած նշեց է նա։
Ծնողը նաև տեղեկացրեց, որ թեև դեռ չեն հայտնել, բայց ըստ ցուցման, իր մի երեխան պետք է վեց օր դասի գնա, մյուսը՝ երեք.
«Տարրական բան է, բայց արդեն նաև խնդիր է ստեղծվում երեխային դպրոցից բերելու հետ կապված։ Թվում է, թե շատ հեշտ է, բայց որոշ դեպքերում հնարավոր չէ, որ ծնողը մի երեխային թողնի տանը, գնա մյուսի հետևից...։ Չգիտեմ, դեռ չենք հասկանում՝ ինչ պետք է անել, բայց, որ այս պայմանները աբսուրդի են նմանվում, փաստ է»։
Ծնողներին զուգահեռ, ուսուցիչները ևս, չգիտեն՝ ինչպես պետք է կազմակերպեն դասապրոցեսը։ Panorama.am-ի հետ զրույցում ուսուցիչները, որոնց անուններն, իրենց իսկ խնդրանքով, չենք նշում, միաձայն փաստում են, որ այսքան անորոշ սեպտեմբեր դեռ չէին ունեցել։
«Ամենաառաջինն ինձ համար խնդիր է դիմակների հարցը։ Ես որպես մանկավարժ, չեմ պատկերացնում՝ ոնց պետք է առաջին դասարանցիները 45 րոպե դիմակով ու իրենց տեղում անշարժ նստեն։ Պահանջը կա, բայց չգիտեմ՝ ոնց պետք է մենք դա ապահովենք։
Բացի այդ, ուսուցիչը իրավունք չունի մոտենալ երեխային, բայց ախր, առաջին դասարանցուն ինչպե՞ս ցույց չտամ մասնիկները։ Կամ, երեխան տետր չպետք է ունենա, թերթիկի վրա պիտի գրի, բայց ո՞նց ստուգեմ այդ դեպքում, իսկ եթե ինչ-որ տարբերակով ստուգեմ, ո՞նց ցույց տամ իր սխալը։ Կամ, եթե ըստ պլանի, նախքան այբբենարանին անցնելը, մենք պետք է երեխային բացատրենք՝ ինչ է ընկերասիրությունը, նվիրվածությունը, կամ պետք է ասենք՝ այսինչը կիսիր ընկերոջդ հետ, եթե նա դրա կարիքն ունի..., այսօր հակառակն է՝ գրիչդ մի՛ փոխանցիր ընկերոջդ, մի՛ շրջվիր, տեղիցդ մի՛ շարժվիր։ Եթե նախկինում հենց ուսուցիչը պետք է օրինակ ծառայեր, հիմա իր համար գծված տեղում պետք է անշարժ կանգնի։ Այս ամենը, բառի բուն իմաստով, խնդիր է»,- նշեց մեր զրուցակիցը։
Բայց, ըստ մանկավարժի, այս ամենում ամենամեծ խնդիրը դիմակներով դաս անցկացնելն է։ Տարրական դպրոցում այդ խնդիրը եռակի է..., դիմակի պատճառով ուսուցչի և երեխայի արտահայտած հույզերն անգամ չեն երևալու։
«Մենք, օրինակ, պետք է նախ ծանոթանանք իրավիճակներին..., ես ծիծաղում եմ, բացականչում եմ, վախենում եմ, բայց դա միայն նկարով անել հնարավոր չէ։ Պետք է երեխան տեսնի նաև ուսուցչի դեմքը, ուսուցիչը պետք է երեխայի հետ կոնտակտ ունենա։ Հիմա քարացած, զոմբիացած պետք է գնանք դպրոց»,- ներկայացրեց ուսուցչուհին։
Մեկ այլ ուսուցիչ էլ նեղսրտեց, որ իրենցից պահանջում են հետևել, որպեսզի երեխաները դիմակով լինեն, բայց ի՞նչ անի ուսուցիչը, եթե, օրինակ, երեխայի դիմակի թելը կտրվում է։
«Ես ինքս դասղեկ եմ, հիմա բոլոր երեխաների համար կտորից դիմակներ եմ պատվիրել, որպեսզի դպրոց մտնելիս տամ իրենց, դնեն, հետո տանեն տուն, լվանան, նորից բերեն։ Բայց դա հարցի լուծում չէ, հաջորդ օրը կարող է նորից նույն խնդիրն առաջանա։ Նման լուրջ հարցում հույսը դնել աշակերտի պատասխանատվության ու ուսուցչի պարտավորվածության վրա, իրականում ճիշտ չէ։ Մենք պետք է աշխատեք, քանի որ այլ տարբերակ չունենք, միանգամից դուռը ցույց կտան, բայց այս պայմաններն, իրականում, որևէ լավ տեղ չեն տանելու։ Խնդիրները շատ են, իսկ լուծումներ դեռ չկան»,- նեղսրտեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Եթե համալսարանը մեծ թվով զեղչ անի, ապա պետք է նաև հարկ վճարի. ԵՊՀ ռեկտորի ԺՊ
- Երեխաները և դիմակները
- Նույն տարիքի երեխաների մի մասը դպրոց կգնա 3 օր, մյուսը՝ 6
- 20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանները կբաժանվեն խմբերի, յուրաքանչյուրը 3 օր կհաճախի դպրոց. փոխնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին