«Հրապարակ». Ինչու չեն վստահում Վլադիմիր Վարդանյանին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլում» չեն վստահում ՍԴ նախկին աշխատակից, պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին։ Կարծում են, որ նա ունի բավարար պոտենցիալ և կարող էր ՍԴ-ի մասով իրենց քայլերն այնպիսի տեսքի բերել, որ իշխանությանն այդքան չքննադատեին։ Վարդանյանն Արարատ Միրզոյանի «պրոտեժեն» է, և ոմանք նրա քայլերից հետևություն են անում, որ Միրզոյանն իր քաղաքական շահն է առաջ տանում՝ մտերիմների միջոցով։ Պատահական չէ, որ Վարդանյանը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում, ի տարբերություն մյուս իշխանականների, դեմ է քվեարկել ՍԴ-ի և վճռաբեկի միավորմամբ Գերագույն դատարանի մոդելն օրակարգ մտցնելու հարցին։ Երեկ էլ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Վարդանյանի առաջարկը բուռն քննարկվել է։
Հանձնաժողովում քննարկվում էր Սուրեն Գրիգորյանի հեղինակած ԱԺ կանոնակարգ օրենքում լրացումների նախագիծը, որով առաջարկում է ԱԺ նախագահին տալ լիազորություն՝ նշանակելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ: Հանձնաժողովում թափուր պաշտոնը լրացնելու համար պետք է մրցութային խորհուրդ ձևավորել, իսկ դա այժմ չի ստացվում, որովհետև վերջին ներկայացուցիչը, ըստ օրենքի, խմբակցությունների համաձայնությամբ պետք է նշանակվի: Մինչև արձակուրդն այս նախագիծը քննարկվեց ԱԺ-ում, արժանացավ ընդդիմության քննադատությանը, ԱԺ նախագահին մեղադրեցին լիազորություններն ընդլայնելու մեջ։
Երեկ հանձնաժողովում նախագիծը քվեարկության դնելուց րոպեներ առաջ Վարդանյանը հայտարարեց, որ ինքն այլ առաջարկ ունի, որ ոչ թե ԱԺ նախագահը նշանակի, այլ՝ ԱԺ խորհրդի կողմից, իսկ խորհրդում նաև ընդդիմության ներկայացուցիչներ կան: Առաջարկից անակնկալի եկավ նաև նախագծի հեղինակը և փորձեց հասկանալ՝ արդյոք առաջարկը Սահմանադրության հետ խնդիր չունի՞։ Ի վերջո, որոշեցին նախագծի քվեարկությունը հետաձգել և ուսումնասիրել հարցը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: