Փոխնախարար. Առաջին կիսամյակում պլանավորել ենք երկու մեծ դադար
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով դպրոցական արձակուրդների վերաբերյալ տեղեկատվությանը, նշել է, որ դադարը նախատեսվել է չնախատեսված իրավիճակներից հնարավորինս խուսափելու համար։
«ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները, որում սահմանվել են նաև դպրոցականների արձակուրդների օրերը:
Առաջին կիսամյակում պլանավորել ենք երկու մեծ դադար՝ չնախատեսված իրավիճակներից հնարավորինս խուսափելու և ուսումնական գործընթացը կազմակերպելու համար։ Այսպիսով, սովորողները դասի կգնան շուրջ մեկուկես ամիս և կունենան աշնանային երկշաբաթյա արձակուրդ՝ նոյեմբերի 2-15-ը ներառյալ, երկրորդ արձակուրդին կգնան ևս շուրջ մեկուկես ամիս դասերից հետո՝ արդեն ամանորին։ Սա թույլ կտա դեպքերի աճի պարագայում անհրաժեշտ դադար առնել, բայց նաև վերսկսել ուսումնական գործընթացը։
Հուսանք, որ երկրորդ կիսամյակում համաճարակային իրավիճակն ավելի բարենպաստ կլինի և կկարողանանք մեծ ինտենսիվությամբ լրացնել ուսումնական տարվա անելիքները»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ. աշնանային՝ 2020թ. նոյեմբերի 2-ից 15-ը ներառյալ, ձմեռային՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 10-ը ներառյալ, գարնանային արձակուրդ չի նախատեսվում:
Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2020թ. նոյեմբերի 2-ից 15-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 24-ը ներառյալ, գարնանայինը՝ 2021թ. մարտի 22-ից ապրիլի 4-ը ներառյալ:
Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2020թ. նոյեմբերի 2-ից 15-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 17-ը ներառյալ և գարնանայինը՝ 2021թ. մարտի 22-ից 28-ը ներառյալ:
Հանրակրթական ուսումնական հաստատությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն), կրթության շարունակականությունն ապահովելու համար, կարող է հանրակրթական հիմնական կրթական ծրագրերն իրականացնել հեռավար ուսուցման ձևով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 20.05.2020թ. N 09-Ն հրամանի համաձայն: Նախարարությունը վերոնշյալ անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ բաց թողած ժամերը մինչև ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու և ըստ հաստատության ենթակայության՝ լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով:
Ոչ պետական ուսումնական հաստատությունում արձակուրդների տևողությունը և ժամկետները, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները սահմանում է հիմնադիրը` այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահելով նախարարությանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան