Անհայտ կորած նավաստիների որոնումներըը դադարեցվել են Ճապոնիայում նոր թայֆունի մոտենալու պատճառով
Ճապոնիայի իշխանությունները նոր թայֆունի մոտենալու պատճառով ժամանակավորապես դադարեցրել են այս շաբաթ անհայտ կորած նավաստիների և խոշոր եղջերավոր անասուններ տեղափոխող նավի որոնումները: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում են արևմտյան և տեղական լրատվամիջոցները:
Ըստ NHK ալիքի, սպասվում է, որ «Հայշեն» անունով նոր թայֆունը կհարվածի շաբաթ երեկոյան, և այն ավելի հզոր կլինի, քան «Մայսակ» թայֆունը, որի ընթացքում էլ նավը խորտակվել է: Օդերևութաբանները չեն բացառում, որ նա ցունամի առաջացնի:
Օկինավայի վարչակազմը հրամայել է տարհանել կղզիներում բնակվող շուրջ 1,3 հազար բնակչի և զգուշացրել, որ հետագայում քամիները էլ ավելի կուժեղանան, սպասվում են ջրհեղեղներ և աննախադեպ հորդառատ անձրևներ:
Toyota-ն արդեն մինչ երկուշաբթի երեկո դադարեցրել է աշխատանքները Կյուսյու կղզու երեք գործարաններում, սպասվում է, որ նույնը կանեն Canon-ը և Mitsubishi Electric-ը: Չեղյալ է հայտարարվել շուրջ 100 ներքին չվերթ:
Այս շաբաթ անհայտ կորած նավի անձնակազմը բաղկացած էր 39 ֆիլիպինցի, երկու նորզելանդացի և երկու ավստրալիացի ծովայիններից: Չորեքշաբթի երեկոյան հայտնաբերվել էր մեկ փրկված, իսկ նախորդ օրը փրկարարները գտել էին անձնակազմի զոհված անդամի դին: Նավը Նոր Զելանդիայից Չինաստան էր տեղափոխում շուրջ 6 հազար կով: