Գոնե հացահատիկից խոսեն, ուրախանում ենք ասֆալտով. գործարար
««Լայք» «դիսլայքով» երկիր չեն կառավարում: Այս կառավարության հետ աշխատելու համար չգիտեմ ինչ է պետք»,- լրագրողներին ասաց կառավարության դիմաց միայնակ ակցիա անող գործարար Արմենակ Խաչատրյանը:
Նա նշեց, որ ինքը կապ չունի ոչ հների, ոչ նորերի հետ, անկուսակցական է եղել, իսկ հիմա այստեղ է ներկայացնելու գյուղացիների խնդիրները. «Ամեն ինչը սկսելու եմ գյուղերից, ներկայացնելու եմ, թե ինչ խնդիրներ ունեն, երևի ամեն տաս օրը մեկ մի մարզպետ կփոխեն»:
«Վարչապետի ամբիցիաների խաթր մենք կարող ենք երկիրը կորցնե՞լ: Ակցիաներ անելու եմ մինչև իմ ձյանը լսելի լինի: Մյուս գյուղացիներ համար է, որոնք կործանվում են, քանի որ ես գիտեմ, որ իմն արդեն կորած է: Վաղը մյուսներինն է կորելու»,- ասաց Ա. Խաչատրյանը:
Նրա խոսքով, գյուղերում ահավոր վիճակ է, «երկիրս գնում է անդունդը»:
«Ահավոր է գյուղերի վիճակը, իրենց ցույց տված գյուղերինը չէ, որ ասֆալտապատում են: Նիգավան գյուղում եմ եղել, 600 հեկտար հողից 50 հեկտարն է ցանված: Կապիկություն են անում, թե բոլոր հողերը ցանված են: Այդպիսի բան չկա:
Երկու տարի ասում եմ՝ Արմավիրի մարզում 40 հազար հետար հող չի մշակվում: Գիտեք, որ Ռուսաստանում հացահատիկը թանկանում է, մենք ինչքա՞ն պաշարներ ունենք: Գոնե հացահատիկից խոսեն, ուրախանում ենք ասֆալտով: Ասֆալտը հետաքրքիր բիզնես է, բայց չի կարող մարդուն կերակրել»,- ասաց Ա.Խաչատրյանը:
Նրա խոսքով, ամերիկյան ցեցն ուտում է բերքը, պետք է համատարած պայքարել դրա դեմ: Նա նշեց, որ ինքն ահազանգել է այդ մասին, արձագանք չի եղել:
«Արժանի չէի՞, որ վարչապետը երկու տարվա ընթացքում ինձ մի անգամ ընդուներ»,- նշեց գործարարը:
Ըստ նրա, պետք է կառավարությունում խելացի մարդիկ լինեն, որ կարողանան ընդունեն բիզնես ծրագրեր:
«Հինը վատ էր, հիմա վատ է, բա ե՞րբ է լավ լինելու: Ամեն ինչ շոու է: Իմ պայքարը քաղաքական չէ, ուզում եմ ճիշտ ներկայացնեմ գյուղի խնդիրները»,- ընդգծեց քաղաքացին:
Նա իր հետ բերել էր բուկլետներ՝ իր գործունեության, ծրագրերի մասին, որոնք վերջում թափեց հենց կառավարության շենքի դիմաց՝ ասելով, որ իր ունեցածից միայն ադ բուլկետներն են մնացել:
Մինչ նա զրուցում էր լրագրողների հետ, մի քանի անգամ ոստիկանը մոտեցավ նրան՝ պարզելու, թե ինչից է բողոքում: Ա. Խաչատրյանն ասաց, որ զրուցելուց հետո կպատասխանի ոստիկաններին:
Ոստիկաններից մեկն ասաց, որ այժմ իրենց հետ Խաչատրյանը պետք է գնա ոստիկանության Կենտրոնականի բաժին՝ անձը պարզելու համար, թեև ոստիկաններին ասել էր, թե ինքն ով է:
«Նստեք մեքենան, ֆիզիկական ուժ կգործադրենք հիմա, եթե չնստեք: Նստեք մեքենան»,- ասաց ոստիկանը:
«Ամոթ է, Նիկոլի պատվիրանը… »,- արձագանք Ա. Խաչատրյանը:
Ա. Խաչատրյանը նստեց ոստիկանական մեքենան:
Ավելի քան մեկ տարի առաջ 168.am-ը գրել էր, որ ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Հայաստան վերադարձած նախկին գործարար, Բաղրամյանի թռչնաֆաբրիկայի սեփականատեր Արմենակ Խաչատրյանը կրկին խնդիրներ ունի:
Մի քանի տարի առաջ Արմենակ Խաչատրյանը գնել է Բաղրամյան թռչնաֆաբրիկան և ստանձնել մյուս երեքի կառավարումը (Գնդեվազում, Եղեգնուտում և Վարդենիսում)։ Շուկայում եղել է մրցունակ:
«Հեղափոխությունից հետո վերադարձա, որպեսզի վերականգնեմ իմ չորս ֆաբրիկաների գործունեությունը, բայց պարզվեց՝ ավելի դաժան բաների արժանացա: Ամբողջը վաճառվեց՝ թե՛ գույքը, թե՛ տնտեսությունները»,- պատմել էր Արմենակ Խաչատրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին