
ԵՄ գագաթնաժողովում կքննարկվի Արևելյան Միջերկրականի հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմից հայտնել են, որ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որի ժամանակ ԵՄ-ին կոչ է արել Արևելյան Միջերկրականում ստեղծված իրավիճակի լուծման հարցում լինել արդար, անկողմնակալ և օբյեկտիվ: Էրդողանը նաև նշել է, որ եվրոպական քաղաքական գործիչների սադրիչ խոսքերը և քայլերը չեն ծառայի ստեղծված իրավիճակի կարգավորմանը: Այս մասին գրում է regionmonitor-ը։
Միևնույն ժամանակ Բրյուսելում ԵՄ խորհրդի աղբյուրը լրագրողներին փոխանցել են, որ Եվրոպական խորհրդի նախագահը Էրդողանի հետ զրույցում կոչ է արել բազմակողմ համաժողով անցկացնել՝ Արևելյան Միջերկրականում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար: Դիվանագետի խոսքով, Միշելն ընդգծել է հակամարտության լիցքաթափման կարևորությունը և Թուրքիային կոչ է արել զերծ մնալ գործողություններից, որոնք լարվածություն կհրահրեն տարածաշրջանում: Աղբյուրը նաև հայտնել է, որ սեպտեմբերի 24-25 կայանալիք ԵՄ գագաթաժնողովին Արևելյան Միջերկրականի հարցը լինելու է կազմակերպության ղեկավարների ուշադրության կենտրոնում:
Նշենք, որ վերջին շրջանում Աթենքի և Անկարայի միջև լարվածությունը սրվել երկրաբանական հետախուզական աշխատանքների հետ կապված: Կողմերն ժամանակ առ ժամանակ հայտարարում են, որ պատրաստ են վեճը լուծել բանակցությունների միջոցով, սակայն պնդում են սեփական իրավունքները պահպանելու անհրաժեշտությունը: Արդեն մի քանի ամիս է, ինչ երկու կողմերը մեծացնում են իրենց ռազմական ներկայությունը այս շրջանում, զորավարժություններ անցկացնում: