
Տիկնիզյան. Ֆուտբոլային քաղաքացիության փոփոխությունը լուրջ քայլ է
Մոսկովյան ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի հայազգի պաշտպան Նաիր Տիկնիզյանը (ծնվել է Սանկտ Պետերբուրգում) Sport24-ին տված հարցազրույցում ասել է, որ մեկուկես տարի առաջ Հայաստանի հավաքականից հրավեր է ստացել՝ նախ երիտասարդական հավաքականում հանդես գալու, հետո ֆեդերացիայից մարդիկ կապվել և խոսել են հիմնական հավաքականի մասին:
Հարցին, թե ի՞նչ պատճառով է մերժել Հայաստանի հավաքականում հանդես գալու հրավերը, Նաիր Տիկնիզյանը պատասխանել է, որ նախ միայն այս մրցաշրջանից հայ ֆուտբոլիստները դադարել են լինել լեգիոներ ՌՊԼ-ում, երկրորդ՝ հետևում է Ռուսաստանի ազգային հավաքականների համակարգով. «Կանչեցին պատանեկան հավաքական, այնուհետև հանդես եկա Մ20 հավաքականում, հուսով եմ զանգ կստանամ երիտասարդական հավաքականից»:
«Ուրախ եմ, որ Հայաստանի ազգային հավաքականը հետաքրքրված է ինձնով, ես հարգում եմ նրանց առաջարկը: Բայց ֆուտբոլային քաղաքացիության փոփոխությունը լուրջ քայլ է, ամեն ինչ պետք է կշռադատել: Գլխավորը՝ ես ֆուտբոլ խաղալու ցանկություն ունեմ, իսկ մնացածն այդքան էլ կարևոր չէ»,- ասել է ֆուտբոլիստը: