Կեղծված սննդամթերք արտադրողն ու իրացնողը պատժի կենթարկվեն՝ ընդհուպ մինչև ազատազրկում
«Առաջարկում ենք սննդամթերք արտադրող կամ իրացնող անձանց կողմից սննդամթերքի կեղծման դեպքում պատիժ կիրառել՝ նվազագույն աշխատավարձի 200-500-ապատիկի չափով»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշխատական հանձնաժողովի նիստում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով «ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նա հիշեցրեց, որ օրեր առաջ տնային պայմաններում ստեղծված կեղծ ալկոհոլից բազմաթիվ անձինք են թունավորվել, կան նաև մահեր։
«Քրեական օրենսգիրքը նման հոդված ունի, որ կեղծ ալկոհոլ արտադրելն ու իրացնելը ենթակա են քրեական պատասխանատվության։ Սակայն սննդամթերքի վերաբերյալ նման դրույթ չկա, ինչն, իմ կարծիքով, բացթողում է։ Ուստի առաջարկում ենք փոփոխություն իրականացնել, ինչը կստիպի կեղծ սննդամթերք չարտադրել և չիրացնել։ Նաև կարծում ենք, որ նախագծի ընդունումից հետո ՀՀ-ում արտադրվող սննդի որակը կբարձրանա»,- նշեց պատգամավորը։
Արթուր Դավթյանը նաև տեղեկացրեց, որ ըստ նախագծի, այն դեպքում, երբ կեղծված սնունդը մարդու առողջությանը պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս, արտադրողը կամ իրացնողը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափով, կամ առավելագունը երեք տարով զրկվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, կամ էլ ազատազրկվում է՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։
Իսկ այն դեպքում, երբ կեղծված սնունդն առաջացրել է մարդու մահ, այն արտադրողն ու մատակարարողը կարող են ազատազրկվել 3-5 տարի ժամկետով։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք նշված պատիժներն անհամաչափ չեն, հատկապես կեղծված սննդի պատճառով առողջությանը ծանր վնաս հասցվելու դեպքում. «Կարծում եմ՝ ավելի ծանր պատիժ պետք է կիրառվի»։
Ի պատասխան Արթուր Դավթյանը նշեց, որ ինքը կողմ է ավելի խիստ պատիժների կիրառմանը ևս.
«Կարող եք առաջարկությամբ հանդես գալ»։
Սիսակ Գաբրիելյանն էլ առաջարկեց, որ կեղծված սննդամթերքի պատճառով մարդուն մահվան հասցնելը պետք է պատժվի մինչև 10 տարվա ազատազրկմամբ, իսկ առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքում պետք է դրամական պատիժը հանվի և մնա միայն ազատազրկումը, քանի որ մինչև մեկ մլն դրամ տուգանքը խիստ փոքր պատիժ է նման հանցանքի համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին