Առաջարկվում է տնտեսվարողներին վարչական պատասխանատվության ենթարկողների շրջանակը ընդլայնել
«Առաջարկում ենք վարչական պատասխանատվություն նախատեսել ոչ միայն ստուգումների, այլ նաև հարկային հսկողական այլ աշխատանքների ընթացքում հսկողություն իրականացնող մարմինների աշխատակիցների օրինական պահանջները չկատարելու համար»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նրա խոսքով, նախագծի շրջանառման ընթացքում պետական իրավասու մարմինների կողմից իրականացվել են բազմաթիվ առաջարկներ, որոնց մեծ մասն ընդունվել է։
«Նախատեսում ենք նաև նույն արարքի համար պատասխանատվություն նախատեսել ոչ միայն տուգանքի տեսքով, այլ նաև՝ նախազգուշացման։ Խոսքն այն դեպքերի մասին է, երբ խոչընդոտող հանգամանքները վերանում են, և տուգանքի նշանակումը դառնում է ոչ նպատակահարմար»,- ներկայացրեց ՊԵԿ ղեկավարը։
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվեց, թե ո՞րն է նախագծի նպատակը, ի՞նչ փոփոխություններ են լինելու և ի՞նչ արդյունք է արձանագրվելու։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Էդուարդ Հովհաննիսյանն ասաց, որ հարկային մարմնի և ստուգում իրականացնող այլ ստորաբաժանումների ստուգողական աշխատանքները իրականացվում են ոչ միայն բուն ստուգումների ընթացքում, այլ նաև հարկային հսկողության շրջանակներում.
«Իսկ հարկային հսկողության եղանակները տարբեր են՝ հարկային ստուգումներ, հարկային ուսումնասիրություններ և օրենքով նախատեսված այլ միջոցառումներ։ Բայց «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքով այժմ պատասխանատվություն է սահմանվում միայն ստուգման ընթացքում օրինական պահանջները չկատարելու համար։ Իսկ գործնականում բազմաթիվ են դեպքերը, երբ հարկային հսկողության շրջանակում տնտեսվարող սուբյեկտը հրաժարվում է տրամադրել ստուգման առարկային վերաբերող փաստաթղթեր»։
Արձագանքելով, Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ ստուգման հետ կապված հստակ կանոնակարգումներ կան, թե երբ ու ինչ կարգով են այդ ստուգումներն իրականացվում. «Փոփոխվող կանոնակարգումների դեպքում արդյո՞ք տնտեսավարողի համար ստուգման գործընթացն ավելի կանխատեսելի չի դառնա»։
Ի պատասխան ՊԵԿ նախագահն ասաց ՝ ո՛չ։
«Իրականում կանոնակարգումներ նախատեսված են, ինչպես նաև նախատեսված են միջոցառումներ իրականացնելու հիմքերը։ Այս փոփոխությունը չի բերի վիճակի, երբ տնտեսվարողի՝ ուսումնասիրության ենթարկվելու կանխատեսելիությունը կարող է խաթարվել»,- ներկայացրեց Էդուարդ Հովհաննիսյանը։
Նշենք, որ հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց նախագծի ընդունմանն ու այն լիագումար նիստերի օրակարգ բերելուն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին