«Middle East Airlines»-ի հայ օդաչուն ստացել է հրամանատարական բարձրագույն ուսադիրը
Լիբանանահայ մեր հայրենակից, «Middle East Airlines» միջազգային ավիաընկերության օդաչու, թռիչքային անձնակազմի հրամանատար Հակոբ Նիկոլյանը ստացել է հրամանատարական բարձրագույն ուսադիրը՝ Չորրորդ ոսկեգույն շերտագիծը: Այս մասին գրում է Արևելքը։
Տասը տարվա օդաչուական փայլուն փորձառությունից հետո տրված այս կոչման առթիվ Հակոբ Նիկոլյանին շնորհավորել են «Middle East Airlines» ավիաընկերության նրա գործընկերները և բազմաթիվ հայեր՝ սոցցանցերում: Հայ օդաչուն շնորհակալություն է հայտնել, նշելով, որ իր հաջողությունների համար պարտական է ընտանիքին, գործընկերներին և առհասարակ՝ ընկերներին, որոնք միշտ հպարտացել են իր առաջխաղացմամբ:
Ավելի վաղ, «Արևելքին» տված հարցազրույցում Հակոբ Նիկոլյանն ասել էր. «Երբ առաջին անգամ Airbus-ի օդանավ քշեցի, անհանգստությունս ու վախս շատ էին, որովհետև կյանքում առաջին անգամ նման մեծ պատասխանատվություն էի ստանձնում, սակայն, միևնույն ժամանակ, ուրախ էի: Վախ էր՝ ուրախությամբ լեցուն: Չեմ կարծում՝ կա այնպիսի բառ, որը կարող է ճիշտ նկարագրել երկնքում սավառնելու զգացողությունները»:
Հակոբ Նիկոլյանը ծնվել է Լիբանանում, սովորել է Լիբանանի «Մելանքթոն և Հայկ Արսլանյան» ճեմարանում, փոքր տարիքից երազել է օդաչու դառնալու մասին, օդաչուական արհեստավարժ կրթություն է ստացել Իսպանիայում: Աշխատում է լավագույն ավիաընկերությունների տասնյակի մեջ մտնող «Middle East Airlines»-ում, որ Լիբանանի ազգային ավիաընկերությունն է:
Հակոբ Նիկոլյանը վստահ է, որ օդաչու դառնալու ամենակարևոր պայմանը երկինքն ու աշխատանքը սիրելն է:
«Օդաչու դառնալը դժվար չէ, առավել դժվար է օդաչուի կյանքով ապրելը: Դրա համար պետք է շատ սիրել այս գործը՝ իր բոլոր դժվարություններով ու վտանգներով հանդերձ»,- «Արևելքին» տված հարցազրույցում ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան