Բաբկեն Հարությունյանը ծաղիկներ դրեց քաղաքապետարանի մուտքի դիմաց
«Հանրային վերահսկողություն կենտրոն» ՀԿ ղեկավար Բաբկեն Հարությունյանն այսօր միայնակ ակցիա է իրականացնում Երևանի քաղաքապետարանի շենքի մուտքի դիմաց։ Հարությունյանն իր հետ ծաղիկներ էր բերել։
«Պետական այս կառույցն արդեն գոյություն չունի, ենթակա է թաղման։ Ես բերել եմ նաև հղված հարցերը, որոնք շաղ կտամ քաղաքապետարանի դիմաց, գուցե դրանից հետո բարեհաճեն պատասխանել»,- ասաց նա ու ծաղիկները թողեց քաղաքապետարանի մուտքից ոչ հեռու։
ՀԿ ղեկավարի խոսքով, քաղաքապետը ձախողել է աշխատանքը։
Ակցիան լուսաբանող լրագրողների հետ զրույցում Հարությունյանը մանրամասնեց դժգոհության պատճառը։ Քաղաքապետարանը 20 օրից ավելի է՝ չի պատասխանում «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ հարցումներին, որոնք վերաբերում են Հայկ Մարությանի` նախընտրական շրջանում տրված խոստումների վերջին մեկ տարվա ընթացքում կատարված-չկատարված աշխատանքներին:
Հարցումները քաղաքապետարան են ուղարկվել օգոստոսի 17-ին։
«Մենք հարցրել ենք, թե որքանով են իրականություն դարձել Հայկ Մարությանի խոստումները։ Հարցման մեջ կետ առ կետ նշել ենք այդ խոստումները, և Սահմանադրության, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին համաձայն, պահանջել ենք տեղեկություններ անցած տարվա օգոստոսից մինչ օրս կատարված աշխատանքների վերաբերյալ»,- ասաց Բաբկեն Հարությունյանը։
Նա հիշեցրեց, որ նախորդ տարի ՀԿ-ն ներկայացրել էր այլընտրանքային հաշվետվություն քաղաքապետարանի չկատարած աշխատանքների մասին, որը պատրաստվել ու հրապարակվել է քաղաքապետարանից ստացած պատասխանների հիման վրա։
«Հիմա պարգևավճար լափող կառույցի սանձարձակությունը հասել է այնտեղ, որ նույնիսկ հարցումն ուղարկելուց երկու շաբաթ հետո զանգ եմ տալիս տեղեկատվության բաժին ու հարցնում, թե ինչու չեն պատասխանել։ Ինձ ասում են՝ խնդիրը կպարզեն ու կպատասխանեն։ Մինչ օրս պատասխան չունեմ։ Հասկանո՞ւմ եք, սա խոսում է ապիկար քաղաքապետի, բարձիթողի քաղաքապետարանի սանձարձակության մասին, այն մասին, որ չկայացած քաղաքապետը չի կարողացել իր խոստումներն իրականություն դարձնել, հիմա էլ փորձում է հարցերին չպատասխանել ու այդպիսով խուսափել»,- կարծիք հայտնեց նա։
Հարությունյանը հիշեցրեց՝ Մարությանը խոստացել էր, որ մշակելու են քաղաքի զարգացման ռազմավարություն։
«Արդեն երկրորդ տարին է՝ մարդը քարշ է գալիս քաղաքապետի պաշտոնում, բայց մենք այդպես էլ այդ ռազմավարությունը չտեսանք։ Խոստացել էր՝ կառուցվելու են շենքեր-շինություններ, բիզնես կենտրոններ մետրոյի «Գործարանային» կայարանի հարևանությամբ, բայց մենք նման բան չենք տեսնում։ Խոստացել էր ոռոգման ցանցեր անցկացել կանաչ տարածքներում, որտեղ կա դրանց անհրաժեշտությունը, դա էլ չտեսանք։ Ասում էր՝ 500 հազար ծառ է տնկվելու, գոնե դրա մի մասը չտեսանք։ Որևէ բան չտեսանք»,- թվարկեց ՀԿ ղեկավարը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին