Ռ. Քոչարյանի փաստաբանական թիմ. Վճռաբեկ դատարանը չպետք է վարույթ ընդունի դատախազության բողոքը
«Վճռաբեկ դատարանը մինչ օրս վարույթ չի ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի բողոքը, ինչը տարօրինակ է և խնդրահարույց․ երկու ամիս սպասելու կարիք չկա, դատարանը պետք է անմիջապես վարույթ ընդուներ այն»,-նման հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։
Աղբյուրը հիշեցնում է, որ փաստաբանները վիճարկում են Վերաքննիչ քրեական դատարանի ս․թ․ հունիսի 18-ի որոշման այն կետը, որտեղ նշվում է Քոչարյանի կողմից դատավարությանը մասնակցող անձանց վրա ազդեցություն գործադրելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու հավանականության մասին։ Դատարանը գտել է, որ գրավի կիրառումը կարող է զսպել այդ ռիսկը և կիրառել է Հայաստանի համար աննախադեպ՝ 2 մլրդ դրամի չափով գրավ։
«Ինչպես հայտնի է, Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել նաև գլխավոր դատախազությունը։ Փաստաբանական թիմը գտնում է, որ Վճռաբեկը չպետք է վարույթ ընդունի դատախազության բողոքը, այն պետք է թողնի առանց քննության, որովհետև օրենքը դատախազությանը իրավունք չի վերապահել վճռաբեկ բողոք բերել խափանման միջոցների հետ կապված որոշումների դեմ։
Վերջին շրջանում շատ է շահարկվում նաև Վարչական դատարանի՝ երկրում առկա կորոնավիրուսային համավարակով պայմանավորված Ռոբերտ Քոչարյանին «Իզմիրլյան» ԲԿ-ում թողնելու մասին որոշումը։ Դատարանը բավարարել է պաշտպան Արամ Օրբելյանի հայցի ապահովման միջնորդությունը, թույլ տալով, որ համավարակի ավարտը Ռ․ Քոչարյանը շարունակի մնալ հիվանդանուցում։
Հարկ ենք համարում ընդգծել, որ Քոչարյանին հիվանդանոցում պահելու հայցապահանջի մեջ չի նշվել, որ նրա առողջական վիճակը ծանր է։ Ներկայացված հայցը և հայցի ապահովման միջոցը վերաբերվել են այն խնդրին, որ համավարակի պայմաններում Քոչարյանին հիվանդանոցից ՔԿՀ տեղափոխելը կարող է դիտվել որպես անմարդկային վերաբերմունք, հաշվի առնելով նրա՝ ռիսկային խմբում գտնվելու փաստը»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ռ. Քոչարյանի գրասենյակ. Շնորհակալություն ենք հայտնում 2 մլրդ դրամ գրավի վճարման գործում աջակցած գործարարներին, բարերարներին, քաղաքացիներին
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. 2 մլրդ դրամ գրավի չափը կարելի է ասել աննախադեպ է Հայաստանի համար
- Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից՝ 2 մլրդ դրամ գրավի դիմաց
- Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում