Ալեն Սիմոնյանն առաջարկում է զրպարտության համար մինչև 10 մլն դրամ տուգանք կիրառել
«Ես առաջարկում եմ, որ վիրավորանքի համար նախատեսված 1 մլն դրամ վարչական տույժը դառնա 5 մլն դրամ, իսկ զրպարտության համար նախատեսվածը՝ 2 մլն դրամից դառնա 10 մլն դրամ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով համացանցում վիրավորանքի և զրպարտության դեմ պայքարին։
Նշենք, որ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Պատգամավորը տեղեկացրեց, որ Կառավարությունն առաջարկում է վիրավորանքի և զրպարտության համար համապատասխանաբար կիրառել 2 և 3 մլն դրամ տուգանք։ Սակայն, ըստ պատգամավորի, շատ կարևոր է այս պահին լսել ընդդիմադիր երկու կուսակցությունների կարծիքները ևս։
Դիտարկմանը, որ շատ են կարծիքները, թե այս միջոցով զրպարտության և վիրավորանքի դեմ պայքարը արդյունավետ չի լինի, Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ բոլոր նախագծերի և օրենքների հետ կապված կարելի է ասել՝ սա խորքային լուծում չի լինելու։
Պատգամավորը, որպես օրինակ, նշեց, որ անձամբ ինքը վեց դատական հայց ունի՝ զրպարտության և վիրավորանքի հետ կապված, և կարծում է, որ տուգանքի ներկայացված չափը կզսպի մարդկանց գայթակղությունը, որպեսզի նրանք ստահոդ լուրեր չտարածեն։
«Դա նաև կազատի մեր քաղաքացիներին այն աղբից, որն այսօր լցված է համացանցում։ Իհարկե, դա մասամբ կլուծի հարցը։ Բայց օրենսդրական նախաձեռնությունը, կարծում եմ, որ անգամ ուշացած է»,- շեշտեց Ալեն Սիմոնյանը։
Դիտարկմանը, որ այժմ ևս կան տուգանքի սահմանված չափեր, արդյո՞ք դրանց բարձրացումը կարող է զսպող մեխանիզմ լինել, ԱԺ փոխխոսնակն արձագանքեց՝ այո՛։
«Ես բավականին լավ գիտեմ այն հարաբերությունները, որոնք այսօր գոյություն ունեն աշխատավարձով աշխատող մարդու տպավորություն թողնող կոնկրետ անձանց մոտ. նրանք տարածում են սուտ, վիրավորանք։ Ներկայանում են որպես քաղաքական, հասարակական գործիչներ, միավորումներ են ստեղծում։ Կարծում եմ, որ այս նախաձեռնությունը նրանց ինչ-որ չափով կզսպի։ Ես իրական մարդկանց մասին եմ խոսում, որոնք հասարակական, հանրային գործիչ են ներկայանում։ Այս նախագիծը կեղծ օգտատերերին չի վերաբերում։ Նրանք մեծ հաշվով մեծ ազդեցություն չեն ունենում, րոպեական են։ Իսկ, օրինակ, կոնկրետ անձնավորությունը կարող է հնարել, որ իմ շապիկն արժի 10 հազար դոլար, և այդ լուրը կարող է տարբեր կողմերից շրջանառվել ու շահարկվել, այդ դեպքում նախագիծն իր դերը կունենա»,- պարզաբանեց Ալեն Սիմոնյանը։
Հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ մարդիկ մեկնաբանություն գրելուց ևս արդեն պետք է զգուշանան, պատգամավորը պատասխանեց՝ ես էլ պետք է զգույշ լինեմ.
«Եթե ինչ-որ մեկը գրում է, որ ես այսինչ բանն ունեմ, իհարկե, պետք է զգույշ լինի, քանի որ ես հնարավորություն ունեմ դատական հայցով ներկայանալու։ Եթե նման դեպք լինի բարեխիղճ լրատվամիջոցի կամ մարդու կողմից, ապա հնարավորություն կա հերքում տպելու։ Իսկ այն մարդիկ, որոնք վիրավորանք ու զրպարտություն են գրում որևէ գործչի մասին, այս դեպքում ավելի շատ ու ավելի երկար կմտածեն։ Դա վերաբերում է նաև մեզ՝ քաղաքական գործիչներիս։ Եվ ես իմ գործընկերոջը ինչ-որ բանում մեղադրելուց առաջ ավելի երկար կմտածեմ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան